ԳլխավորԼուր

Հույսը, լույսը և փարոսը. վերաբացվել է Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Հովհաննես Այվազովսկի, «Ձկնորսները ծովափին» (1852)

Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ խորհրդանշական է, որ Հովհաննես Այվազովսկու սրահների վերաբացումով է սկսվում դասական հայկական գեղանկարչության սրահների վերաբացումը:

«Այս պահին կանգնած ենք հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում. սա առաջին մտական ցուցադրությունն էր, որը երկարատև դադարից հետո վերաբացվեց: Բաց է նաև Հակոբ Գյուրջյանի քանդակների մշտական ցուցադրությունը, իսկ այսօր բացվում է Հ. Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այվազովսկին ստեղծագործել է ռոմանտիկ մի դարաշրջանում, երբ առանցքային նշանակություն ունեին հույսը, լույսը և փարոսը: Եվ հատկանշական է, որ Այվազովսկու ստեղծագործություններն այդ լույսի տարրը պարունակող արվեստ են»,- ասել է պատկերասրահի տնօրենը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է վերանորոգված և արդիականացված սրահներում, որտեղ ներկայացված են Հովհաննես Այվազովսկու շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր:

Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու (1817–1900թթ.) ստեղծագործությունների այս ցուցադրությունը ներկայացնում է մեծ ծովանկարչի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող գեղանկարչական և գրաֆիկական երկերի հավաքածուն, որը ձևավորվել է 1924–1985 թթ. ընթացքում և ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում խոշորագույններից է:

Առաջին աշխատանքները փոխանցվել են Մոսկվայի Հայաստանի մշակույթի տնից (նախկին Լազարյան ճեմարան), որոնք ժամանակին նկարիչն անձամբ նվիրել էր Լազարյաններին: Հավաքածուն շարունակաբար համալրվել է տարբեր ձեռքբերումների և նվիրատուների շնորհիվ՝ Աբրահամ Ջինջյան, Հակոբ Էքիզլեր, Վարվառե Քանանյան, Վահան Խորասանջյան, Մարտիկ Գազազյան, Վարդան Բարաքյան, Անդրանիկ Շահինյան և այլք:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Ազգային պատկերասրահում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Ազգային պատկերասրահում