Այս իրավիճակում ամենահաճախ հանդիպող զգացողություներից, որ կարող ենք ունենալ, մեղքի զգացողությունն է, ինստագրամյան էջում գրել է հոգեբան Լիլիթ Ղահրամանյանը։
⠀
Այն կարող է դրսևորվել ինչպես պատերազմի մասնակիցների, արցախահայության, այնպես էլ յուրաքանչյուրիս մոտ` անկախ մեր բնակության վայրից։ Մեղքի զգացողությունն ինտեսիվ զգացողություն է, այն կարծես մեր պատասխանատվությունը լինի ամենատարբեր իրավիճակների նկատմամբ: Մենք կարող ենք այն զգալ, քանի որ հավատում ենք, պարտադրում ինքներս մեզ, որ պետք է մտածենք, զգանք, գործենք այլ կերպ, քան մտածել ենք, զգացել ու արել։
Սրանով մենք կարծում ենք, որ իրավիճակի նկատմամբ կարող էինք ունենալ վերահսկողություն, և այլ կերպ վարվելու դեպքում լրիվ այլ ելք կլիներ։
Այստեղ ուզում եմ նշել, որ չկան «պետք ա»-ներ մեր մտքերում ու զգացողություններում, այսինքն՝ դրանք հրահանգով չեն ակտիվանում։ Մենք զգում ենք այն, ինչ զգում ենք, մտածում ենք ամենատարբեր բաներ և այդ բոլորը իրավունք ունեն գոյություն ունենալ։ Իրավունք ունեն նաև գոյություն ունենալ մեր կողքինի մոտ այն դեպքում, երբ նա մեզնից տարբեր է մտածում ու զգում։
Մենք կարող ենք մեզ մեղավոր զգալ, որ.
- ապրում ենք և ողջ ենք,
- ուտելիք ունենք և սնվում ենք,
- աշխատում ենք,
- մեր տներում տաք է,
- ապրում ենք արտասահմանում,
- հանգստանում ենք և այլն։
Ստացվում է, որ մեղքի զգացողությունն այս իրավիճակում համամարդկային է և կապ չունի Երևանում ենք ապրում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, թե Ավստրալիայում։
Այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է մարդկային ռեսուրսի կոնստրուկտիվ օգտագործումը։
Կարևոր է, որ մենք․
- Նկատենք մեղքի զգացողությունը, եթե ունենք, և հասկանանք, թե ինչպես է այդ զգացումը պայմանավորում մեր վարքը,
- Սահմանափակենք ինֆորմացիայի հոսքը,
- Շարունակենք աշխատել,
- Անենք այն, ինչ օգտակար ենք համարում,
- Հոգ տանենք ինքներս մեր մասին, որ կարողանանք օգնել այլ մարդկանց: Այս մասով դժվար ժամանակները դեռ առջևում են, երբ մարդկանց տեղահանումը ապահովվի։
- Չգնահատենք ու չմեղադրենք այն մարդկանց, ովքեր այլ կերպ են արձագանքում նույն իրավիճակին
- Չվիճենք այն մարդկանց հետ, ովքեր ունեն այլ քաղաքական դիրքորոշում,
- Հոգ տանենք մեր կողքինի մասին, որքան հնարավոր է շատ։
Հ.Գ. Մեղքի զգացման հիմքում կարող են նաև այլ զգացողություններ լինել, որոնց դժվարությամբ ենք առերեսվում, բայց դրանց կանդրադառնամ ավելի ուշ: