ԳլխավորԼուր

Ուսանողները մասնակցել են «Военные песни России» մրցույթի գալահամերգին

Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում մայիսի 8-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմին նվիրված երգերի՝ «Военные песни России» խորագիրը կրող հանրապետական մրցույթի գալահամերգը:

Արդեն ավանդաբար տեղի ունեցող մրցույթը պետք է կայանար անցյալ տարի՝ նվիրված Հաղթանակի 75-ամյակին, սակայն համավարակով պայմանավորված՝ այն հետաձգվել էր:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքով, դա բավականին բարձր մակարդակով տեղի ունեցող մրցույթ է, որի ժյուրիի կազմում են հայտնի երաժիշտներ Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը. «Սա հիանալի հնարավորություն է՝ ցույց տալու մեր աշխատանքները, հասկանալու՝ ինչ գործ ենք արել»:

«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի կազմակերպած այս մրցույթին Երևանի պետական համալսարանը ներկայացրին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաներ Էմմա Բաղդասարյանը, Արևիկ Չոբանյանը, Տիգրան Թումանյանը, Լամարա Մարտիրոսյանը և Միքայել Նշանյանը, որոնք երկու մրցութային փուլերն անցնելու արդյունքում ելույթ ունեցան նաև գալահամերգին:

Համերգից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխություն:

Ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում 1-ին տեղը զբաղեցրեց Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչ Էռնա Թամազյանը, 2-րդ տեղը՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաներ Էմմա Բաղդասարյանը և Միքայել Նշանյանը, իսկ 3-րդ տեղը՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Արմեն Նահապետյանը:

Comment here