ԳլխավորՄի կտոր գիրք

Լորեն Օլիվեր. «Դելիրիում»

Ներկայացնում ենք մի հատված ամերիկացի ժամանակակից ֆանտաստ գրող Լորեն Օլիվերի (ծնվ. 1982 թ.) «Դելիրիում» վեպից (2011)։

***

Ամենավտանգավոր հիվանդությունները նրանք են, որոնք ստիպում են մեզ մտածել, թե մեզ հետ ամեն ինչ կարգին է։

«ԱԲԵ»-ի ուղեցույց, 42-րդ մեջբերում

64 տարի է անցել այն օրից, երբ Միության նախագահը նույնականացրեց սերը որպես հիվանդություն, եւ 43 տարի այն օրից, երբ գիտնականները կատարելության հասցրին այն բուժելու կարգը։ Մեր ընտանիքում բոլորն անցել են դրա միջով։ Ավագ քույրս՝ Ռեյչելը, ապահովագրված է այդ հիվանդությունից արդեն 9 տարի։ Նա ասում է, որ այնքան վաղուց է պաշտպանված սիրուց, որ նույնիսկ չի կաողանում ախտանշանները հիշել։ Ես պետք է անցնեմ այդ հիվանդությունից պաշտպանող բուժական գործընթացը ուղիղ 95 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին։ Իմ ծննդյան օրը։

Շատերին բուժումը վախեցնում է։ Ոմանք նույնիսկ դիմադրում են։ Բայց ես չեմ վախենում։ Ես անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան։ Ինձ որ մնար՝ ես այն կանցնեի վաղը, բայց գիտնականները հանձ չեն առնում բուժել, եթե դու 18 տարեկանից փոքր ես։ Վաղ ժամկետներում բուժումը կարող է չգործել. Հնարավոր են ուղեղի վնասվածքներ, մասնակի կաթված, կուրություն կամ շատ ավելի լուրջ խեղումներ։

Ինձ դուր չի գալիս մտածել, որ ապրում եմ՝ արյանս մեջ ունենալով այդ հիվանդությունը։ Երդվում եմ, մեկ-մեկ ինձ թվում է, որ զգում եմ, թե ինչպես է այն հոսում երակներիս միջով, ինչ-որ փչացած բանի պես, ինչպես թթված կաթ։ Այդպիսի պահերի ես ինձ կեղտոտ եմ զգում։ Հիշում եմ մանկական նոպաների մասին, նրանց մասին, ովքեր դիմադրում են բուժմանը, վարակված աղջիկների մասին, որոնք եղունգներով ճանկռում են մայթերը եւ փրփուրը բերաններին՝ պոկոտում են գլխի մազերը։

Եվ իհարկե, այդպիսի պահերի ես հիշում եմ մայրիկիս։

Բուժման կարգն անցնելուց հետո ես միշտ երջանիկ ու հանգիստ կլինեմ։

Այդպես են ասում բոլորը՝ գիտնականները, քույրս, Քերոլ մորաքույրը։ Ես կբուժվեմ, հետո ինձ համար որպես զույգ կընտրեն մի երիտասարդի։ 1-2 տարի հետո մենք կամուսնանանք։ Վերջերս երազում իմ հարսանիքն եմ սկսել տեսնել։ Այդ երազներում ես կանգնած եմ սպիտակ ամպհովանու տակ… Մազերիս մեջ՝ ծաղիկներ… Կողքս մի երիտասարդ է կանգնած՝ ձեռքս բռնած։ Բայց հենց ես շրջվում եմ նրա կողմ՝ դիմագծերը տարալուծվում են, ու ես չեմ կարողնաում տեսնել դեմքը։ Բայց զգում եմ նրա ձեռքը՝ սառը եւ չոր, իսկ իմ սիրտը խփում է հանգիստ, ու ես վստահ եմ, որ այն միշտ այդ ռիթմով էլ կաշխատի ու երբեք չի թռչկոտի, շուռումուռ չի գա կամ ինչ-որ տեղ չի շտապի։ Միշտ եւ միայն համաչափ «թկ-թկ-թկ», մինչեւ մեռնելս։

Ցավից ազատ հանգստություն։

Բայց միշտ չի այսպես լավ եղել։ Դպրոցում մեզ լուսավորել են՝ նախկին մռայլ ժամանակներում մարդիկ չէին էլ կասկածում, թե որքան վտանգավոր է այդ հիվանդությունը։ Երկար ժամանակ նրանք նույնիսկ համարել են, որ այդ թերությունը ինչ-որ լավ բան է, որ այն պետք է գովերգել ու դրան պետք է ձգտել։ Հենց այդ պատճառով է այն վտանգավոր։

«Հիվանդությունն ազդում է ձեր մտքի վրա, եւ դուք կորցնում եք սթափ մտածելու եւ ձեր առողջական վիճակը խելամտորեն գնահատելու ունակությունը» («Անվտանգություն, բարեկեցություն, երջանկություն» ուղեցույցի 12-րդ հրատարակում, «Ամոր դելիրիա նեվրոզի աշխտանշաններ» բաժնի 12-րդ կետ)։

***

Բայց ամեն դեպքում ես անհանգստանում եմ։ Ասում են, որ նախկինում սերը մարդկանց խելագարության է հասցրել։ Միայն այդ միտքը սարսափելի է։ Ինչպես նաեւ «Անվտանգություն, բարեկեցություն, երջանկություն» ուղեցույցում կարելի է պատմություններ գտնել մարդկանց մասին, ովքեր մահացել են սիրո կորստից կամ այն բանից, որ այդպես էլ սեր չեն գտել։ Դա է ինձ ամենից շատ վախեցնում։

Սերը աշխարհի ամենամահաբեր զենքն է. այն սպանում է եւ այն ժամանակ, երբ կա քո կյանքում, եւ այն ժամանակ, երբ դու ապրում ես առանց նրա։

Թրգմ. Usanogh.am

Comments (1)

  1. […] Լորեն Օլիվեր. «Դելիրիում» […]

Comment here