ԳլխավորՄի կտոր գիրք

«Փոստալ». Գրիգոր Զոհրապի ծննդյան օրվա առթիվ

Այսօր հայ գրող Գրիգոր Զոհրապի (26.06.1861-հուլիս, 1915, սպանվել է աքսորի ճանապարհին) ծննդյան օրն է։

Այդ առիթով ներկայացնում ենք մի հատված նրա «Փոստալ» ստեղծագործությունից։

***

Սուրբիկ հանըմին աղվոր պեսլեմեն ամենուն բերանն էր գեղին մեջ: Աղաներն ալ, հանըմներն ալ Սուրբիկ հանըմը կշնորհավորեին:

Պզտիկ ու անգիտակից պչրանքով կհագնվեր անիկա, իր հանըմին պատվերին համեմատ, ճերմակ մաքուր գոգնոց կապած առջին: Իրիկունները աշխատանքին լմննալուն ետքը, ամենեն վերի հարկը իր փոքրիկ սենյակը կ’երթար, պատուհանին առջեւ կնստեր, շոգենավեն ելլողները դիտելու համար, մինչեւ որ վարեն կանչեին զինքը:

Տանը մեջ կ’սկսեր վարժվիլ. իր առած ամսականը ամբողջությամբը գեղ կղրկեր, էրկանը ձեռքը, ու գոհ էր այս կյանքեն: Միայն երբեմն խուլ անհանգստությունը ուներ վտանգի մը զոր չէր տեսներ, ճիշտ ինչպես սենյակի մը մեջ ինքնիրենը մստած մեկը, նույնիսկ աչքը գոց պահուն, կ’զգա ուրիշի մը ներկայությունը, աչքը դեռ չբացած:

Այս վտանգը ավելի քան օդի մեջն էր, քան թե շոշափելի բան մը: Չէր գիտեր հաստատ կերպով, թե ի՞նչ էր իրեն սպառնացող բանը, բայց զգույշ կենալու պետքը կ’զգար:

Այս Պոլսո մարդիկը, իրենց բոլոր քաղաքավար վարմունքին հակառակ, կնկան նայելու ձեւեր մը ունեին, որ համբուրվելու պես կդիպչեր իր երեսին եւ իր նոր հարսի, գրեթե կույսի ամաչկոտությունը կվիրավորեր ամեն վայրկյան: Միմիայն իր կնոջական բնազդովը կ’զգար լուռ իղձերու հովը, որ իր շուրջը կ’ելլեր, կբարձրանար, երբոր էրիկմարդոց առջեւ գտվեր, անուշ բերած կամ ջուր տված միջոցին: Եվ դեպի դուռ դարձած՝ սենյակեն դուրս ելլելուն, ամեն աչքերը իր վրա էին, իր հաղթ ու գեղեցկաշեն մարմնին վրա, որուն լեցուն գիծերը, իր քալվածքին համեմատ հազիվ թե նշմարելի շարժումով մը կխաղային: Մինչեւ անգամ իր հագուստը ու կապուստը, շինականի եւ սպասուհիի պարզությամբ, եւ թերեւս ատոր համար հրապուրիչ բան մը ուներ:

Այս ձգողության՝ Ղազար աղային տղան չդիմացավ երկար ատեն:

Մարմնեղ ու տարփասեր երիտասարդ մըն էր, հորը պես իր բոլոր իղձերը թաքուն պահելու սորված ու ատոր համար, ա՛լ ավելի ինքնզինքը զսպելու ամկարող, երբոր դիպվածով մինակ մնար սպասուհիին հետ:

Իր ծանր գլուխ տղու համբավին հակառակ, շուտով սկսավ կատակներ ընել Տիգրանուհիին հետ, փորձի ենթարկելով զայն, իբեւ թե անզգուշությամբ, անոր մարմնին կդպեր, ձեռքը բռնել կ’ուզեր: Այն ատեն, Տիգրանուհին հասկցավ անոր միտքը եւ ետ քաշվեցավ, առանց խուճապի, այն վախկոտներուն պես, որոնք ծանր-ծանր քալելով կնահանջեն, շինծու քաջությամբ եւ անփութությամբ մը ծածկելով իրենց նեսդիի դողը, դիմացինին հարձակումը չփութացնելու նպատակով:

Անկե վերջը երիտասարդը բացեիբաց իր պահանջումները պարզեց անոր, այնքան ավելի բռնանալով, որքան վեց ամսե ի վեր տեւող մերժումները զինքը ամեն ծայրահեղությանց տանելու սատիճանին հասցուցեր էին: Առտու, իրիկուն, գիշեր, աչքկապուկի կամ պահվըտուքի պես բան մըն էր տանը մեջ. սենյակե սենյակ, անկյունե անկյուն հալածանք մը, որուն մեջ աղախինը, պարտավորված անոր մոտ գալու ամեն անգամ, որ խզմեթ մը ապսպրեր իրեն, ինչ ընելիքը չէր գիտեր:

Վերջապես, հուսահատած, օրին մեկը հանըմին գնաց ամեն բան խոստովանելու: Սուրբ ու առաքինի կին էր իր հանըմը, որուն գովեստը կ’ըներ քարոզիչ սրբազանը շատ անգամ եկեղեցվո բեմեն: Ու իրեն պաշտպան մը գտնելու առաջադրությամբ, ցորեկ մը իր հանըմին հետ մինակ մնացած մեկ ատենին, վարանելով, կարմրելով ամեն բան հասկցուց անոր:

Սուրբիկ հանըմ զարմացավ, չհավտաց նախ ասանկ բանի մը գոյությանը, թերեւս Տիգրանուհին սխալած էր: Հետո ըսավ, որ իրիկունը իր տղուն հետ պիտի խոսեր, բայց ավելցուց ժպտելով, որ այս բոլոր պատահածին հանցանքը Տիգրանուհիին գեղեցկությանն էր:

— Աղեկ սիրտ ունի տղաս, բայց էրիկմարդ է, դուն ալ այնքան աղվոր ես, որ չեմ զարմանար զքեզ սիրելուն: Մարդ քեզի չի կրնալ դիմանալ:

Հաճի Տյուրիկ, որուն Տիգրանուհին հայտնած էր իր վիճակը, խնդաց իր վրան:

— Օղու՛լ, — ըսավ անոր, — էֆենտիիդ տղան կսիրե կոր քեզի, ա՛լ ի՞նչ կ’ուզես:

Տիգրանուհին քիչ մը ատեն ալ պաշտպանեց ինքնզինքը անոր ձեռնարկություներուն դեմ, բայց կամաց-կամաց վարժվեցավ սիրո խոսքեր լսելու անկե: Հանըմը այդ միջոցին շատ-շատ պարգեւ կուտար իրեն. ամսականին մոտ գումար մըն ալ ասանկով կ’առներ: Տիգրանուհին կխոստովաներ ինքնիրենը, որ ասիկա միմիայն իր աշխատությանը համար չէր: Հետո բոլոր այս հետապնդումներուն հալածանքներուն մեջ իր արյունն ալ կ’եռար, դող կ’ելլեր ու կսկսեր ինք ալ փոխադարձ հաճույք մը զգալ այդ ամենեն: Փախչիլ կձեւացներ, բայց կձեւացներ միայն ու կժպտեր:

Գիշեր մը Տիգրանուհին իր սենյակի մեջ գտավ իր երիտասարդ էֆենտին, պոռալ ուզեց, բայց վախցավ ձայն հանելու, աղաչեց.

— Ոտքդ պաքնեմ, էֆենտիս, մեղք եմ:
Բայց էֆենտին կորովի էր եւ իր ուժին տակ զսպեց զինքը:
-Հանըմս, հանըմս ի՞նչ պիտի ըսե, — կ’ըսեր անիկա դողդղալով:
-Խեն~թ, — պատասխանեց երիտասարդը անոր, — մայրս ինծի ըսավ, որ սենյակդ ես ու եկա քեզ գտա. մորմես բնավ մի՛ վախնար:

Ետ-ետ երթալով կինը պատին կռնթած էր, ալ զինքը գրկող պողպատե բազուկներուն մեջ անարժ մնացած. հոս՝ դիմադրության ուժը կպակսեր. գլուխը պատին դարձուցած ըլլալով, իր պարանոցին վրա կ’զգար համբույրներու կիզումը, ու Տիգրանուհին, անձնատուր ըլլալու մոտ ու անձնատուր ըլլալե առաջ իր արդարացումը կփնտրեր հիմա, մտածելով, որ ձեռքեն եկածը ըրեր էր ինքզինքը պաշտպանելու համար. ու հանցանքը իրը չէր՝ եթե չէր հաջողեր: Անձնասպաններ կան, որոնք վերջին պահուն զղջալով հանդերձ, չեն կրնար իրենց որոշումեն ետ կենալ եւ տող մը գիրով իրեց մահը կբացատրեն, կ’արդարացնեն. Տիգրանուհիին ըրածն ալ ատ էր:

***

Երկու տարի տեւեց այս կյանքը. ուզված աղախինն էր անիկա, որ էֆենտիին տղան Փերա, գեղ տեղվանք երթալեն վազ բերած էր: Սուրբիկ հանըմ հարսի մը պես հիմա կհագվեցներ զայն, ու եկողին գացողին անոր գովեստը ընելե չէր դադրեր:

Օրին մեկը, սակայն, Տիգրանուհին հիվանդացավ. գլուխը կդառնար, սիրտը կխառնվեր. այս անհանգստությունը շարունակեց քանի մը օր, բայց սպասուհին վախեն բան մը չըսավ, բերանը չբացավ մեկու մը. քիչ մը ատեն անցավ ու ծոցվորության նշանները երթալով շեշտվեցան: Տիգրանուհին շվարած էր, ինչ ըսելիքը, ինչ ընելիքը չէր գիտեր: Մյուս ծառաները կ’սկսեին քիթներուն տակեն խնդալ, կատակներ ընել, չարչարել զինքը: Այդ միջոցին երիտասարդ էֆենտին իր մոտը չէր գար, ու տանը մեջ երեսը չէր նայեր: Հանկարծ օր մըն ալ Սուրբիկ հանըմ զինքը ուշադրությամբ դիտեց, նայվածքով մը, որ կրակե պատմուճանի մը պես սպասուհիին գլխեն մինչեւ ոտքը շրջապատեց:

-Մո՛տ եկու, Տիգրանուհի, — ըսավ անոր բիրտ ձայնով մը: Եվ տեսնելով անոր վարանիլը.
— Սա՛նկ, ավելի՛ մոտ:

Մոտեն՝ հղությունը ակներեւ էր. շատ մը կիներու պես Տիգրանուհին տգեղցեր էր. երեսին մորթը թուլցեր, կախվեր էր, փորը անշնորհ կերպով դուրս կցցվեր ու ամեն սիրտը զարնելուն՝ չափազանց մեծցած կուրծքին հարույցքը աչքի կզարներ իսկույն:

Այն ատեն բարկութենեն Սուրբիկ հանըմին խելքը գլխեն գնաց:

-Փոստա~լ, — պոռաց անոր երեսն ի վեր, — փոստա~լ, տունս անպատվեցիր, թե՛զ ճեհեննեմ եղի՛ր:

Մարիամը վեր վազեց հանըմին ձայնը լսելով:

— Հաճի Տյուրիկ կանչեցեք շուտ, սա շունը առնե տանի՛, — կպոռար հանըմը:

Երկու ժամ ետքը թելլալը գտան բերին ու բերանը փրփրելով Սուրբիկ հանըմ իր զայրույթը դուրս թափեց:

Կեղծավորությունը անանկ բան մըն է, որ երբեմն ու վերջիվերջո անկեղծության հետ կշփոթվի եւ անկե չի տարբերիր , ինչպես որ սուտ խոսողներ կան, որոնք իրենց սուտին կհավտան:

Ասանկ ալ Սուրբիկ հանըմին բարկությունը շինծու բան մը չէր, անկեղծ էր. երբեք կարող չէր հիմա մտքեն անցընել, որ իր գիտությամբը, իր կամքովը, իր կարգադրությունովը ամեն բան եղած կատարված էր: Իր բերնին մեջ ամեն վայրկյան հեղհեղվող պատիվ, պարկեշտություն բառերուն վարժությամբը՝ ցավագարի մը պես կպոռար, աղախինը, Հաճի Տյուրիկը ու բոլոր աշխարհը հանցավոր գտնելու կ’ելլեր:

-Հիմա՛, հիմա՛, փոստալը թող կորսվի երթա, վայրկյան մը չեմ ուզեր տունիս մեջ:

Այս եղավ իր վերջին խոսքը:

Թելլալը Տիգրանուհիին սենյակը ելավ, մահվան դողերուն մեջ գտավ զայն. սաստիկ ջերմ եկած էր վրան, երեսները կարմրեր էին, մինչդեռ ակռաները իրարու կզարնվեին:

Միջնորդ կինը գթաց անոր. բան մը հարցնելու պետք չուներ. անցած դարձածը գիտեր. միյան հարցում մը .

-Քանի՞ ամսում ես, աղջի՛:
-Չեմ գիտեր, — մրմնջաց մյուսը:

Վար իջավ հանըմին քով, բայց անիկա նորեն սկսեր էր ձայնը բարձրացնել ու ջանքեր կ’ըներ իր զայրույթը ավելցնելու համար. շարունակ կհիշեր ասանկ աղքատ կին մը իբր սպասուհի իր տունը ընդունելով գործած բարիքը եւ ասոր փոխարեն, գտած ապերախտությունը. սա ազգը ասանկ էր միշտ. աղքատները ասանկ խայտառակ արարածներ էին բոլորն ալ. ու նստած տեղեն փեշը վեր կքաշեր, իբրեւ թե այս տիղմին չքսվելու համար: Եվ հանկերգին մը նման միեւնույն նախատական բառը կուգար շուրթերուն վրա, թուքի մը պես.

-Փոսստա~~լը, փոստա~~լը, ով գիտե ո՛ր ծառաս գլխե հաներ է:

Այն ատեն Հաճին նեղացավ ա՛լ. ձեռքերը մեջքին դրավ ամբարտավան ձեւով մը.

-Ինծի նայե՛, հանըմ, շտտակն ըսե՞մ, անիկա կնիկ ծառա մըն է, դուն քու տղուդ խոսք հասկցնելու էիր. հիմի ալ ելլե՛ր ծառայի հետ տեսնվեր է կ’ըսես. ասիկա մեղք է:
-Ի~նչ, հիմա ալ տղո՞ւս վրա մուր պիտի քսեք. իմ տղաս ծառայի վրա չի թքներ. բոլոր գեղին աղջիկները, կնիկները իրն են:
-Քու բոլոր գեղիդ մեջ ալ Տիգրանուհիին պես աղվոր մը չկա, հանըմ. դուն եկու՛ր իմ խոսքս մտիկ ըրե, իմ գլխես շատ տաք ու պաղ անցած է. բան մըն է, որ եղեր է. ասիկա առնել անցնելու չէ:

Բայց մյուսը կհամառեր. չէր ընդուներ, որ իր զավակը տեսնված ըլլա Տիգրանուհիին հետ :

Ու վեճը երկարացավ. երկուստեք բիրտ բառերով նախատինքներով լեցված վեճ, որուն մեջ ստորին ու ախտոտ դերը՝ թելլալ կնկան դերը չէր:

Սուրբիկ հանըմ ուրիշ բանի չէր բաղձար, բայց միայն գայթակղությունը ավելի չտարածված մեյ մը դուրս նետել Տիգրանուհին:

Հաճին խորամանկ էր, զգաց ասիկա եւ ջանաց օգուտ քաղել անկե, սպասուհիին համար քանի մը ղուրուշ ձեռք ձգելով:

— Ամեն բան ստակով կ’ըլլա:
-Անոր տալուս հիվանդանոցին կու տամ,- կ’ըսեր Սուրբիկ հանըմը, կրկնելով այն խոսքը, զոր իրենց պարտքը վճարել չուզողները, հայտնի ավազակ մը չհամարելու համար, սովորաբար կգործածեն մեր մեջ:

Ան ատեն հաճին բերանը բացավ :

-Ինծի նայե, ձեր տղաքներուն էյլենճեին համար տունը աղվոր պեսլեմե ուզողը փարա տալեն քաշվելու չէ, հասկցա՞ր, օղուլ: Հիվանդանոցիդ ստակ տալուդ, տղուդ ծոցվոր ձգած աղքատ աղջիկն տուր. չունիկ չունեւորիկ չեք, փառք աստուծո: Աս աղջիկը տեղ մը չի կրնար աշխատիլ, զավակ պիտի բերե, ապրուստ չունի, գեղը հիվանդ էրկանը ղրկելու ստակ չունի:

Սուրբիկ հանըմ պոռաց, հայհոյեց, սակարկեց, եւ վերջիվերջո քսան ոսկի տվավ, բայց այն պայմանով, որ նույն վայրկյանին Հաճին առնե տանի Տիգրանուհին:

Ժամը տասներկուքը անցեր էր: Ղազար էֆենտին ու տղան տուն դարձեր էին վերջին շոգենավով եւ, դիմացի սենյակը նստած, առուտուրի վրա կխոսեին. տղան հոր դեմ բարեւ բռնած էր գրեթե, հնազանդ ու առաքինի զավկի պարկեշտության մեջ:

Այս ժամուն Քատըգյուղեն Պոլիս գալու շոգենավ չկար: Հաճին պարտավորվեցավ, աղջիկը հետը առած, նավակ մը վարձել Ղալաթիա անցնելու համար:

Աշունի իրիկուն մըն էր, ձմեռնամուտի մոտ: Անձրեւ մը կուգար միօրինակ եւ անընդհատ, սեւ քողի մեջ պարփակելով ծովն ու ցամաքը: Նավահանգիստին մեջ շոգենավերը անշարժ հսկաներու պես կեցեր էին իրենց խաչաձեւ կայմերովը, կարծես թե բարեւ բռնած: Ծովեն՝ Ղալաթիան, ու ավելի բարձրը՝ Փերան, իրենց անհամար լույսերը կ’սկսեին մեկիկ մեկիկ վառել:

Ու սմքած՝ այս նավակին մեջ, իր փոքրիկ պողչան թեւին տակ, Տիգրանուհին, կամքե ու գիտակցութենե զուրկ, ուշադրությամբ մըտիկ կ’ըներ թիերուն ծովին մեջ մխրճվելու ձայնին, եւ հեռուն մութին մեջ վառվող բիծերը կդիտեր, երբոր առաջին անգամ, իր զավկին խաղալը զգաց որովայնին մեջ:

Գյուղին մեջ Ղազար աղային տանը համար գայթակղություն մը չսեպվեցավ ասիկա. թեեւ ճշմարտությունը քիչ շատ իմացվեցավ, բայց ամենքը ըսին, որ Տիգրանուհին ծառաներեն մեկը գլխե հանելուն համար վռնտված էր: Սուրբիկ հանըմին բարեպաշտությանը վրա այս առրթով ավելի շատ խոսվեցավ. անոր տանը բարոյականին համբավը քիչ մըն ալ ավելցավ կարծես: Տղուն աղջիկ տալ ուզող կիները միաբերան գովեցին մայրն ալ, զավակն ալ:

Comment here