ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3-ը՝ բակալավրիատ, 4-ը՝ մագիստրատուրա, 1-ը՝ ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։
Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող անգլերեն և/կամ ռումիներեն լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
- ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ (կցվում է),
- ավարտական փաստաթղթի՝ ատեստատի, դիպլոմի և հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
- ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
- բժշկական տեղեկանք /հավելված/ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/՝ (ռումինական կողմի պահանջներին համապատասխան),
- ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
- ինքնակենսագրություն (CV) /անգլերեն, 3 էջից ոչ ավելի/,
- անձնագրի և գրանցման հասցեն հավաստող էջի պատճենները (ռումինական կողմի պահանջներին համապատասխան),
- 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
- ռեֆերատ՝ հայերեն լեզվով (10 էջ),
- Ռումինիայում գիտական ղեկավարի նախնական համաձայնությունը:
Ռումինիայի կողմից պահանջվող փաստաթղթերի փաթեթի սկանավորված տարբերակը (կցված է առդիր) պետք է ուղարկել ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության erevan@mae.ro էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ներկայացման ընթացքում Ռումինիայի կրթության և գիտության նախարարությունը իրավունք է վերապահում կազմակերպել առցանց հարցազրույցներ առաջարկվող թեկնածուների հետ: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը:
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 13-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը՝ 10:00-17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ. +37410-59-699 /446)։
Քննությունները տեղի կունենան 2026 թվականի ապրիլի 10-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599-699 /446/:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



