ԳլխավորԼուր

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Ընթացիկ ուսումնական տարում օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով երկու տարիքային խմբերի համար՝ ավագ (10-12-րդ դասարաններ) և կրտսեր (7-9-րդ դասարաններ)։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել է 6 ուսումնական հաստատության (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, «Քվանտ» վարժարան, Այբ դպրոց, Գյումրու Ֆոտոն վարժարան, Գյումրու թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցներ) 20 աշակերտ։ Հայաստանի մասնակիցներից 11-ն ավագ, իսկ 9-ը՝ կրտսեր տարիքային խմբի 9 աշակերտներ են։

Ավագ տարիքային խմբում Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե (Գրիգորյան Ալեքս՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան) և 5 բրոնզե (Մացակյան Տիգրան, Գյոզալյան Վահագն՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Գրիգորյան Արեն, Մանուկյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, Համբարյան Մամիկոն՝ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, 9-րդ դասարան) մեդալների։ Վերջին մասնակիցը ցանկություն էր հայտնել մասնակցելու ավագ տարիքային խմբում։

Կրտսեր տարիքային խմբում մեր թիմն արժանացել է 1 ոսկե (Քոչարյան Վաչե՝ «Քվանտ» վարժարան, 8-րդ դասարան) և 2 բրոնզե (Խոնդկարյան Հերբերտ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 9-րդ դասարան, Ադամյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան) մեդալների։

Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմերը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս), Սամվել Անդրեասյանը և Ռոբերտ Քոչարյանը (ԵՊՀ մագիստրանտներ)։ Աշակերտների առցանց մասնակցությունն իրականացվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի աջակցությամբ։

Օլիմպիադային մասնակցել է 16 երկրի 440 աշակերտ (ավագ տարիքային խումբ՝ 285 աշակերտ, կրտսեր տարիքային խումբ՝ 155 աշակերտ):