Դպրոցականների մի շարք ծնողներ դժգոհում են, որ «Ռուսաց լեզվի» 2-րդ դասարանի նոր դասագրքերը մինչև այսօր հասանելի չեն ո´չ թղթային, ո´չ էլեկտրոնային տարբերակով: Նրանք նշում են, որ դրա պատճառով իրենց երեխաների համար մի շարք անհարմարություններ են ստեղծվել:
Ինչպես հայտնի է` նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սեպտեմբերի 1-ից պետք է փոխվեին դասագրքերը և տրամադրվեին նոր ստեղծված դասագրքերը: Այդ գործընթացը, սակայն, հետաձգվեց:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել էր, որ ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում:
Usanogh.am—ին ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ «Ռուսաց լեզվի» 2-րդ դասարանի համար ներկայացված դասագրքերի մրցույթին որևէ դասագիրք հաղթող չի ճանաչվել.
«Դասագրքերից ոչ մեկը փորձագիտական եզրակացության արդյունքում սահմանված պայմաններին չի բավարարել, ուստի կհայտարարվի նոր մրցույթ, մինչ այդ աշակերտները կօգտվեն հին դասագրքերից և ուսումնական այն նյութերից, որոնք ստեղծվել են ԿԶՆԱԿ-ի կողմից և փորձարկվել են Տավուշի մարզում: Իսկ եթե ծնողները մինչև հիմա տեղյակ չեն այդ մասին, դա տվյալ դպրոցի տնօրենի բացթողումն է»,-ասաց նա:
Ի դեպ, միայն ռուսաց լեզվի դասագրքի մասով չէ, որ առկա են դժգոհություններ: Դպրոցներում այսօրվա դրությամբ չկան նաև այլ առարկաների դասագրքեր, մասնավորապես առկա են դժգոհություններ, առհասարակ, օտար լեզուների մասով: Կարինե Մանուկյանը հաստատեց այդ փաստը`պարզաբանելով, որ կան դասագրքեր, որոնց համար մրցույթին որևէ հայտ չի ներկայացվել, և կան դասագրքեր, որոնց մրցույթին հաղթող չի եղել: Մանրամասների համար նա հորդորեց դիմել գրավոր հարցմամբ: Պատասխանը կներկայացնենք` այն ստանալուն պես:
Կարինե Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվանից նախարարությունը սկսել է Արարատի, Կոտայքի մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում 10 անուն դասագրքերի բաշխումը: Գործընթացը կլինի շարունակական:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ