ԳլխավորԽճանկար

Եթե ձախլիկ եք, դա ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ այսօր ձեր օրն է

Ձախլիկ

Օգոստոսի 13-ին աշխարհում ոչ պաշտոնապես նշվում է Ձախլիկների օրը։

Երկրագնդի բնակչության 10 տոկոս ձախլիկները հաճախ են հանդիպում խնդիրների այն աշխարհում, որը հարմարեցված է հիմնականում ուժեղ աջ ձեռք ունեցողներին։ Հենց այդ խնդիրների վրա ուշադրություն բեւեռելու համար է նշվում այս օրը՝ որոշ տվյալներով սկսած 1976, այլ տվյալներով՝ 1992 թվականից։

Գիտնականները միակարծիք չեն, թե ինչու են որոշ մարդիկ ձախլիկ, բայց պնդում են, որ գեները դրա համար պատասխանատու են 25 տոկոսով։ Ձախլիկությունը փոխանցվում է ժառանգաբար, բայց շատ ավելի քիչ, քան հասակը կամ խելքը։

Աջլիկների մեծ մասն օգտագործում է իր ուղեղի ձախ կիսագունդը՝ խոսքը մշակելու համար, սակայն դա չի նշանակում, որ ձախլիկների մեծ մասը դրա համար օգտագործում է աջ կիսագունդը։ Դա ընդամենը տարածված միֆ է։ Խոսքը մշակում են ուղեղի ձախ կիսանգնդով աջլիկների 98 եւ ձախլիկների 70 տոկոսը։

Տարածված կարծիքներից է նաեւ, որ ձախլիկներն ավելի ստեղծագործ են, բայց դա դժվար է ինչ-որ կերպ հաստատել կամ ժխտել։

Իրականում այնքան էլ էական չէ, թե ձեր որ ձեռքն է ավելի ուժեղ, քանի որ դա գրեթե ազդեցություն չունի մտածողության, աշխատունակության, ստեղծագործելու կամ կյանքի տեւողության վրա։

Նշանավոր մարդկանցից ձախլիկներ են՝

-պետական-քաղաքական գործիչներ Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Ժաննա դ’Արկը, Նապոլեոն Բոնապարտը, Ուինսթոն Չերչիլը, Ջորջ Բուշ Ավագն ու Կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ֆիդել Կաստրոն, Մահաթմա Գանդին, Բարաք Օբաման։

-գիտնականներ եւ գործարարներ Ալբերտ Էնշտեյնը, Իսահակ Նյուտոնը, Նիկոլա Տեսլան, Հենրի Ֆորդը, Բիլ Գեյթսը, Ռոքֆելերները։

-նկարիչներ Ռաֆայելը, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Պիկասոն, Ռուբենսը։

-դերասաններ Չառլի Չապլինը, Մերիլին Մոնրոն, Ջիմ Քերին, Թոմ Կրուզը, Ռոբերտ դե Նիրոն, Նիկոլ Քիդմանը, Ջուլյա Ռոբերտսը, Բրյուս Ուիլիսը, Քիանու Ռիվզը, Միքի Ռուրքը, Սիլվեսթր Ստալոնեն։

-երաժիշտներ Նիկոլո Պագանինին, Բեթհովենը, Մոցարտը, Շոպենը, Ռոբերտ Շումանը, Սերգեյ Ռախմանինովը, Փոլ Մաքարտնին, Միրեյ Մաթյեն, Սելին Դիոնը, Սթինգը, Էմինեմը։

-գրողներ եւ փիլիսոփաներ Արիստոտելը, Ֆրիդրիխ Նիցշեն, Ֆրանց Կաֆկան, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Պուշկինը, Լեւ Տոլստոյը, Վլադիմիր Դալը, Լյուիս Քերոլը, Մարկ Տվենը։

Comment here