ԳլխավորԼուր

Հայ աշակերտները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Կենսաբանության 36-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ աշակերտները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Կենսաբանության 36-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում հուլիսի 20-27-ն անցկացված «Կենսաբանության» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Տաթև Սիմոնյանն ու Արա Մելքոնյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Եվա Միրզոյանը։ Օլիմպիադայի ժամանակ մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաբժշկական գիտություններ, բջջային և մոլեկուլային կենսաբանություն, էկոլոգիա և դասակարգում, մանրէաբանություն) աշխատանքներ։

Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի է արժանացել Տաթև Սիմոնյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Արա Մելքոնյանը ու Արեգ Գալստյանը։

Թիմը ղեկավարել են Վահագն Գևորգյանը («Քվանտ» վարժարան) և Մերի Հովսեփյանը («Այբ» կրթական հիմնադրամ)։

Օլիմպիադային մասնակցել է 77 երկրի ավելի քան 300 մասնակից. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ:

Հիշեցնենք, որ «Կենսաբանության» առարկայի 35-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ՀՀ թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալների։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews