ԳլխավորԼուր

Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան

Օգոստոս ամսին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ ամփոփում եմ ԿԳՄՍ նախարարության կոորդինացիայի տակ գտնվող մի շարք ոլորտների թերացումները, որոնք, ինչպես կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ էի հայտարարել ամբիոնից, կոլափսի եզրին են կանգնեցրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

🆘Բարձրագույն կրթության ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում արձանագրվել է ակնհայտ ռեգրես ⬇️, որի պատասխանատուն այս ոլորտի քաղաքականության մշակման պարտավորությունը ստանձնած անձն է, ով այս պահին հանգիստ խղճով գնացել է արձակուրդ, մինչդեռ իր գլխավորած ոլորտում տիրում է անդառնալի քաոս․

1️⃣ՀՊՏՀ ռեկտորի նախկին (կամ ներկա, արդեն մարդ չի հասկանում) պաշտոնակատարի և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պատասխանատու փոխնախարարի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՀՊՏՀ-ն շարունակում է չունենալ օրինական ռեկտոր, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ և ակնհայտ խախտումներով, որի պատճառով Կառավարությունն իրավունք չունի հաստատելու ռեկտորի պաշտոնում ընտրված թեկնածուին։ Գործը քննվում է դատարանում, իսկ օդում շրջանառվող՝ հովանավորչության և ապօրինությունների վերաբերյալ կան տեղեկություններ, որ վարչապետի հանձնարարականով Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսվել:

2️⃣Գրեթե նույն իրավիճակը Երևանի պետական համալսարանում է, քանի որ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետն ավարտվել է, իսկ նոր խորհուրդ չի ձևավորվել արդեն 5 ամիս է, հետևաբար Համալսարանն այս պահին չունի նաև ռեկտորի օրինական պաշտոնակատար:

3️⃣ Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված, իսկ քննությունների կարգի և բազմաթիվ դիմորդների իրավունքների խախտման առնչությամբ և կարգն անվավեր ճանաչելու կապակցությամբ գործն այժմ գտնվում է դատարանում, հայցը դատարան մակագրվել է հետևյալ 6 դատավորներին` Արգիշտի Ղազարյան, Գևորգ Սոսյան, Ալեքսանդրա Հարությունյան, Արթուր Ծատուրյան, Ռուզաննա Ազրոյան, Արծրուն Միրզոյան։

4️⃣«Այբ» կրթական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակն այդպես էլ չստացավ տրամաբանական հանգուցալուծում, իրականացված աուդիտի և դրա արդյունքում իբրև թե հայտնաբերված խախտումների մասին այդպես էլ հանրային տեղեկատվություն չստացվեց։

5️⃣Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդից «կորած կամ չհայտնաբերված» նմուշների վերաբերյալ՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ԱԺ ամբիոնից և դրան հաջորդող գործընթացը գլխավոր դատախազությունում ուսումնասիրությունների վերաբերյալ առերևույթ խախտումների մասին։ Այս պահին կարծես թե տեղեկություններ չկան, թե գործն ինչ ընթացք է ստացել, արդյոք հայտնաբերվել են խախտումներ, թե ոչ։

6️⃣2019 թվ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ պարզվեց, որ մարզերի մշակութային զարգացման ծրագիրը կատարվել է 27.96 %-ով, փաստացի թերակատարումը կազմել է 72%, այսինքն բյուջեով հատկացված 270,8 մլն դրամից կատարողականը կազմել է ընդամենը 75,7 մլն դրամ։ Սա նշանակում է, որ ՀՀ մարզերում 2019-ի ընթացքում քաղաքացիները մեծամասամբ անհաղորդ են մնացել հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը։

7️⃣Կինոյի ոլորտում կան մի շարք անհամապատասխանելիություններ բյուջեի միջոցներից ֆիլմերի ֆինանասավորման մասով: Տոկոսային վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական աջակցությունը չնչին մաս է կազմում ֆիլմարտադրության համար, սրանով իհարկե չի կարելի ասել, թե պետությունն այսպես կարող է Հայաստանում զարգացնել կինոն, իսկ փոքր դրամաշնորհային ծրագրերի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան հենց ֆիլմերին հատկացվող աջակցությունն է: Տպավորություն է ստեղծվում, որ կինոյի ոլորտի ֆինանսավորումն ուղղակի սոցիալական աջակցություն է, այլ ոչ թե ֆիլմարտադրության զարգացման համար նախատեսված սուբսիդիա:

Կարծում եմ, որ 2021թ. բյուջետային ֆինանսավորումը կինոյի ոլորտին պետք է սառեցնել, մինչև ոլորտի քաոսային վիճակը կարգի բերելն ու օրենքն ընդունելը, որից հետո կարելի է վերանայել կինոյի ոլորտի տարեկան սուբսիդավորումը: 2020թ. հաստատված կինոարտադրությանը հատկացվող ծախսերը բնականաբար պետք է ավարտին հասցվեն։ Ոլորտի ապաշնորհ կառավարման շարունակումը հանգեցնելու է պետական բյուջեի անարդյունավետ փոշիացման։

Այսքանից հետո դատե՛ք ինքներդ, թե որքանով է ԿԳՄՍ նախարարությունն արդարացրել իր պարտավորությունները»,- նշված է պատգամավորի գրառման մեջ։

Comment here