ԳլխավորԼուր

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է միջնադարյան փայտյա դռան ցուցադրությունը

1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում պաշտոնապես բացվել է միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Պատմական մեծ արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը՝ դառնալով թանգարանի մշտական հավաքածուի կարևոր համալրում։ Ցուցանմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։

Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետական բյուջեի պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ (ավելի քան 465 հազար ԱՄՆ դոլար-խմբ.) գումար է հատկացվել։

Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյան ընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։ Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1–7, 7:23–27)։

Հորինվածքի կենտրոնական մասն ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։ Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։

Ցուցադրությունը լայն հանրության համար կբացվի ապրիլի 3-ին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews