Այսօր` ապրիլի 22-ին, ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը, ինչը հերթական հիշեցումն է, որ մեր մոլորակի ապագան կախված է մերօրյա գործողություններից։ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) ՀԿ-ն, հավատարիմ մնալով «սիրել մոլորակը գործով» սկզբունքին, ներկայացնում է Հայաստանում իրականացված ծրագրերի, նորարարական լուծումների և համայնքների կայուն զարգացման շոշափելի արդյունքները։
Այսօր ISSD-ն գործում է Երևանում և Հայաստանի 9 մարզերում՝ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրելով հետևյալ ցուցանիշները.
- 1,000 տոննայից ավելի վերամշակված թափոն, որը չի հասել աղբավայր և վերադարձվել է տնտեսական շրջապատույտ:
- 3,500-ից ավելի տեսակավորման ամաններ՝ տեղադրված հանրապետության ողջ տարածքում:
- 400,000-ից ավելի շահառու, ովքեր կիսում են մեր տեսլականը:
- 2,500-ից ավելի գործընկերներ և 40-ից ավելի հաջողված նախագծեր, որոնք փոխում են շրջակա միջավայրի նկատմամբ հանրային վերաբերմունքը:
Թափոնների տեսակավորման թվային ապագան. PlastiX հավելված
Թափոնների տեսակավորման ոլորտում մոդեռնիզացման և քաղաքացիների շահագրգռվածությունը մեծացնելու նպատակով ISSD-ն գործարկել է PlastiX բջջային հավելվածը։ Այն թույլ է տալիս «Recycle it!» ծրագրի շրջանակում տեսակավորումը դարձնել ոչ միայն օգտակար, այլև շահավետ։ Յուրաքանչյուր տեսակավորված շշի QR կոդը հավելվածով սկանավորելու դեպքում օգտատերերը կուտակում են միավորներ, որոնք կարող են փոխանակել գործընկեր խանութների և այլ կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչային վաուչերների հետ։
Հավելվածն արդեն ունի գրեթե 1,000 ակտիվ օգտատեր, ինչը վկայում է թափոնների կառավարման հարցում հասարակության նորարարական մոտեցումների պատրաստակամության մասին:



