Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։ Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Վեհափառ հայրապետը կարևորեց հայրենաճանաչության նմանօրինակ ծրագրերը, որոնք կոչված են զորացնելու երիտասարդների ազգային գիտակցությունը և ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։
Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք։
Այնուհետ Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին իրենց հոգիներում մշտավառ պահել ազգային ոգին, անսասան՝ հավատն առ Աստված և աննվազ՝ սերն առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին։ Հայոց Հայրապետը մաղթեց, որ այդ սիրով առաջնորդվեն իրենց կյանքում, ուսման ու աշխատանքի մեջ և իրենց շնորհներն ու կարողությունները ծառայեցնեն հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին և հայրենիքի շենացմանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






