ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ:
Հատկանշական է, որ վերոնշյալ և նմանատիպ այլ հարթակներում պատվեր կատարողները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Նշված հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս ստացված նյութերը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապատեղեկատվություն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով:
Նկատի ունենալով վերը նշված հանգամանքը՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։