Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Քննարկվել են Արցախի դպրոցականների եւ ուսանողների կրթության կազմակերպման հարցերը

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։

Ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով Արցախից ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող դպրոցականները պետք է մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը գրանցվեն իրենց բնակավայրի հարակից դպրոցներից մեկում:

1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա, 5-րդ դասարանից սկսած՝ հեռավար: Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։

Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում է դասընթացներն առցանց, Արցախի պետական համալսարանը առցանց ուսուցման կանցնի նոյեմբերի 10-ից։

Արցախում գործող մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս շուտով հանդես կգան ուսումնական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների դպրոցահասակ երեխաների հաշվառման և դպրոցներում տեղավորման հարցը։ Այս պահին այդ, ինչպես նաև կրթության կարիքների հստակեցման (դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ) ուղղությամբ աշխատանքեր են տարվում մարզպետարանների կրթության վարչությունների հետ։

ԱՀ ԿԳՄ նախարարությունը հստակեցնում է նաև ուսուցիչների համակազմն ըստ առարկաների, և այն պարագայում, երբ կլինի կարիքը, նրանք հնարավորություն կունենան համագործակցելու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կդասավանդեն նաև Արցախից ժամանակավորապես տեղափոխված ուսուցիչները։

Comment here