ԳլխավորԼուր

Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Արսեն Ջուլֆալակյան

Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։

«Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,-գրել է Ջուլֆալակյանը:

«Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here