ԳլխավորԼուր

Հայտնի է 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը. տեսանյութ

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամից։

Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին եւ համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Այս տարի, հաշվի առնելով 2020թ.պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորայի»համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի:

Բացի դրանից, տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են համայնքներում գործող եւ կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, զորացնում գենդերային բռնության զոհերին եւ օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ, որոնց եւ նա կնվիրաբերի ֆինանսական միջոցներ։ Դրանք են՝ Կոնգոյացի կանանց հիմնադրամ, Կոնգոյի համերաշխության լիգա, «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման եւ խաղաղության»:

Comment here