ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ հոգաբարձունների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը

2022-ի հունվարի 14-ին կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների՝ նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը։ Օրակարգում համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցն էր. խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի հայցորդ Խաչատուր Խաչատրյանը։

«Այս համալսարանը իմ մայր բուհն է, որն ունի մեկ դարյա ձևավորված բարձրարժեք ավանդույթներ: Շատ պատասխանատու է աշխատել համալասարանի հեղինակավոր գիտնականների, դասախոսների և իհարկե մեր սիրելի ուսանողների հետ: Վստահ եմ, որ մեր խորհուրդը նույնպես կունենա հաջողություններ և կշարունակի պահպանել և ավելացնել բուհում ձևավորված գեղեցիկ ավանդույթները: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախորդ խորհրդի բոլոր անդամներին՝ ի դեմս նախագահ Վլադ Ասատրյանի և մեծ պատախանատվությամբ եմ փոխարինում նրան այս պատվաբեր պաշտոնում»,- շնորհակալություն հայտնելով վստահության համար նշեց հոգաբարձունների խորհրդի նորընտիր նախագահ Արմեն Ղուլարյանը։

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհավորելով Արմեն Ղուլարյանին վստահեցրեց, որ հոգաբարձունների խորհրդի նախագահի, քարտուղարի և խորհրդի բոլոր անդամների հետ հետագա աշխատանքները կնպաստեն համալսարանի զարգացմանը, առաջընթացին և կարևորեց քաղաքաշինության կոմիտեի և համալսարանի ակտիվ համագործակցությունը ինչպես բուհի, այնպես էլ ոլորտի զանգացման հարցում: Միևնույն ժամանակ ռեկտոր Վարդանյանը բարձր գնահատեց նախորդ հոգաբարձուների խորհրդի համատեղ աշխատանքը և շնորհակալություն հայտնեց խորհրդի նախագահ, «Կամուրջ Շին» ընկերության ղեկավար Վլադ Ասատրյանին վերջին տարիների ընթացքում ներդրած ջանքերի և համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Հոգաբարձունների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից անմիջապես հետո խորհրդի անդամների առաջարկով գումարվեց երկրորդ նիստը, որի օրակարգը հաստատելուց հետո ռեկտորը ներկայացրեց 2021 թվականի տարեկան հաշվետվությունը, 2021 թվականի բյուջեի կատարողականը նշելով, որ 2021 թվականի բյուջեն գերակատարվել է շուրջ 318 միլիոն դրամի չափով, իսկ 2022 թվականի բյուջեի առաջարկվող նախագիծը, ի համամատ 2021 թվականի, ունի դրական աճ մոտավորապես 694 միլիոն դրամի չափով:

Եղիազար Վարդանյանը ներկայացրեց համալսարանի միջազգային վարականիշավորման ցուցանիշները, որոնք բավականին գոհացուցիչ էին առաջին անգամ բուհի միջազգային վարկանիշավորման համար: Ներկայացվեց գիտության ոլորտում գրանցված ձեռքբերումները մասնավորապես գիտական դրամաշնորհներում հաղթանակների էական աճը 2021 թվականին: Հաջորդիվ ներկայացվեց համալսարանի 2022 թվականի առաջնահերթությունները, նշվեց որ այս տարի հատուկ ուշադրություն են դարձվելու ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի թարմացմանը, 2021 թվականի ձեռք բերված միջազգային համագործակցությունների շնորհիվ արտասահմանցի ուսանողների ներգրավմանը և բոլոր այն հարցերին որոնք ուղիղ միտված են կրթության որակի բարձրացմանը:

Հոգաբարձունների խորհուրդը բարձր գնահատեց համալսարանի տարեկան կատարված աշխատանքները, առանձնակի կարևորվեցին ուսանողների և աշխատակիցների համար նախատեսված սոցիալական ծրագրերը, հաստատվեց 2022 թվականի բյուջեն և ներկայացված բոլոր ծրագրերը։