ԳլխավորԼուր

Մայր Աթոռում նշվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակի օրը

Հունիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին:

Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: