Մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հայտնում են ԵՊՀ-ից։ Գիտաժողովի առանցքային նպատակներից է երիտասարդ հետազոտողների և ուսանողների համար ստեղծել հարթակ՝ ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև գործընկերային կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ՝ նախանշելով համատեղ հետազոտություն կատարելու հնարավորությունները։
Ամեն տարի ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովի մեկնարկն ազդարարվում է մայր բուհում, սակայն այս տարի բացման արարողությունն անցկացվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ խորհրդանշական նոր իմաստ հաղորդելով գիտաժողովին, որն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Հոկտեմբերի 6-10 անցկացվող գիտաժողովի շրջանակում մասնակիցները հանդես կգան զեկուցումներով, կանցկացվեն գիտաճանաչողական այցեր Հայաստանի վանքեր և վանական համալիրներ, մշակութային հանդիպումներ և այլն: Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում այսօր մեկնարկել է նաև ցուցադրություն, որը ևս նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Նշենք, որ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության մշակութային հատվածը ապահովեց Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





