Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Գագիկ Գինոսյանը օգոստոսի 3-ին կդառնար 58 տարեկան:
***
Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։
1982 թվականին ավարտելով Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցը՝ աշխատանքի է անցել Ախալցխայի շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր։
Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը, որն ավարտել է 1990 թվականին։
1987 թվականից Գագիկ Գինոսյանը սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի հիմնադրած «Վան» ազգագրական խմբում։
1996-1999 թվականներին աշխատել է Գյումրու «Շանթ» հեռուստառադիո ընկերության երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն։
2001 թվականին Գագիկ Գինոսյանը հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
2011 թվականին «Ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» Գագիկ Գինոսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած և Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց» ներկայացումները։
2014 թվականին բեմադրել է «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։
Ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման նպատակով հիմնադրել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը։
Պետական աջակցությամբ հեղինակել է «Ազգային երգ ու պար» առարկայական ծրագիրը, որը տարիներ շարունակ ուսուցանվել է հանրակրթական դպրոցներում:
Երկար տարիներ զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Գրի է առել բազում պարերի նկարագրություններ և վերականգնել 36 ազգային պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» համույթը։
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Գագիկ Գինոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։
Մասնակցել է Արցախյան պատերազմին։
2006 թվականին լույս է տեսել Գ.Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜ւյն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծությունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը՝ Արցախյան պատերազմի մասին։
Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական պարգևների: