Ներկայացնում ենք ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան, 01.01.1886-21.12.1955) մտքերից։
***
Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, եւ ես ապահովեմ հայ ժողովրդի տեղն արեւի տակ։
Առաջնորդը, որն իր ինչ եւ ինչպիսին լինելը մատնում է մասնավորապես մեծ վտանգների ժամանակ, ամեն ինչ է ժողովուրդների կյանքում՝ այբն ու ֆեն։
Նրա աջն է գծում ճակատագիրն ազգերի։
Նրան կպարտեն ցեղերն իրենց հրթիռային վերելքը, ինչպես եւ անկումը շռնդալի։ Նա է փառաց ի փառս եւ պարտությունից պարտություն առաջնորդում մարդկային այս կամ այն հավաքականությունը։
Նա է անկյալ վիճակից բարձրացնում իր Հայրենիքը, ինչպես եւ վերջին բանալիները վատորեն օտար դռնապաններին հանձնում։
Այո, ամեն ինչ է նա՝ ճակատագրողը, կենդանի ճակատագիրն իր ժողովրդի։ Նրա հետ է սկսվում ժողովրդի փառքի կամ տկարության շրջանը։ Եվ եթե հաճախ ժողովուրդների մեծությունը վերջ է գտնում կատարյալ առաջնորդի մահվամբ, ավաղ, նրանց դժբախտությունը չի վերջանում ձախողված առաջնորդի հետ։ Դժբախտ է սխալ եւ անզորապես առաջնորդվող ժողովուրդը, որպիսին է մերը։ Վայ այն ժողովրդին, որի առաջնորդը կատարյալ չէ՝ ապագան բազում խաչեր ունի պահած նրա համար։ Խեղճ է ժողովուրդը, երբ նրա առաջնորդն ավելի փառասեր է, քան հանճարեղ, երբ նրա առաջնորդին պակասում է մշակույթը՝ սրտի եւ մտքի, երբ բռնված նախանձի չար դեւով՝ նա տառապում է բարոյական դեղնությամբ, երբ նա դավանում է անձնական երջանկություն խոստացող այս կամ այն գահավիժող վարդապետությունը, երբ տկարություն ունի մեծ թվալու բանակի գործերի մեջ եւ փոքրիկ հանդիսանալու մեծ գործերում։ Երիցս խղճալի է ժողովուրդը, եթե նրա ռազմիկները խոր համոզմամբ չեն կրկնում, թե «ամենաանառիկ համարված բերդերն իսկ կառուցված են գրավվելու համար»։
Անեծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը։ Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ էլ վարակիչ է։ Ազդում է նրա ամեն մի խոսքը, շարժուձեւը, ակնարկը։ Երբ վատ է, վատթարագույն են դառնում այն բոլորը, որոնք դժբախտություն են ունեցել նրա առաջնորդության հանձնվելու։
Եսակա՞ն է՝ անասնանում են նրա հետ առնչվողները։
Ծո՞ւյլ է մտավորապես՝ հոգեւոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները։
Անհայրենապա՞շտ է՝ հակահայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը։ Իսկ երբ անարի է՝ զզվելիորեն երկչոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները։
Այսքան, ահա, ճակատագրական է առաջնորդի դերը ժողովուրդների կյանքում։
***
Կա, սակայն, եւ կատարյալ առաջնորդը, այլապես անհասկանալի պիտի մնար ազգերի պատմության մեջ այն ամենը, ինչ որ վսեմ է, գեղեցիկ, հերոսական։ Այո, եղել է եւ կա դա, այլապես անբացատրելի պիտի մնար որոշ ժողովուրդների նախանձելի վիճակը։
Նախ ահա նրա հոգեւոր դիմաստվերը մի քանի խոշոր գծերով- նախ կրողը եւ ուսուցիչն է նա ցեղային բարոյականի։ Գործել՝ նրա համար նշանակում է փարատել իր շրջապատի մտավոր խավարը, թմրությունը, տկարությունները. դա նշանակում է ոչինչ չթողնել իր շուրջը անթերծ եւ խոտան, ծույլ եւ մեռյալ վիճակի մեջ։
Ուժեղ իմացականություն, մեծ սիրտ եւ բոլորանվեր ծառայություն- ահա նա։ Նրա մեջ եթե դեռ չի մեռել, ապա հոգեվարում է ԵՍ-ը։ Պարզատես է, վշտակիր, հերոս։ Հայտնվելով այս կամ այն միջավայրում՝ նա հոգեբանորեն փոխում է այդ վերջինը։ Նրա ներկայությունը ազնվացնում է հոգիները, թեւածում, գոտեպնդում։
Նրա շնորհիվ անկարելի համարվածը դառնում է դժվարին, դժվարինը՝ կարելի։ Շքեղ երազները դառնում են նպատակ եւ երջանիկ իրականություն։ Նրան հաջողվում է փոխել իր ժողովրդի հոգեբանությունը, ճակատագիրը, պատմությունը։ Սահման չի դրված նրա սիրելու եւ զոհաբերելու կարողությանը։ Նա ծիծաղել գիտի մարդկային մեռյալ օրենքների վրա։ Սիրում է ամբոխը, բայց գիտի հետ մղել նրա օրենսդրությունը։ Իմաստուն է եւ գիտի, որ «կան պատմական մոմենտներ, երբ ժողովրդին ծառայելու լավագույն ձեւը հանդիսանում է նրա հայացքներին վճռապես հակադրվելու մեջ»։
Կատարելության ճամփին գտնվելով հանդերձ, նա իր անկատատարելության գիտակցությունն ունի, եւ այդ իսկ պատճառով կտառապի խորապես։
Լիկուրգոսն է դա, որի օրենքների համաձայն անհատը կդաստիարակվեր հասարակակն նվիրումի եւ հավաքական երջանկության համար։ Դա Սնելմանն է, որի բարձր գաղափարների շնչով սրբված եւ ուժավորված երբեմնի աղքատ ու արբեցող ժողովուրդը Սուոմիի ճահճուտները պիտի վերածեր ճերմակ շուշանների հայրենիքի՝ Ֆինլանդիայի։
Դա Գանդին է, աշխարհիկ սուրբը վերածնվող Հնդկաստանի, որը գրանիտի համոզում ունի, թե առաջնորդի գերագույն կամքը կարող է բարոյապես կերպարանափոխել անգամ կաստայական փակվածությամբ հիվանդ ժողովրդին։
Դա նա է, որ պիտի ծնի հայությունը, եթե չի ուզում մեռնել. նա հրամայողաբար պիտի հայտնվի մեր կյանքում կատարելու փրկարար դերը Լիկուրգոսի, Սնելմանի, Գանդիի եւ նմանների։
Ամբողջությամբ՝ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



