Երևանի Ազատության հրապարակում և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում այսօր ցերեկը մեկնարկել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը նվիրված ամենամեծ միջոցառումներից մեկը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը՝ «Զարգացնել գիտությամբ» խորագրի ներքո, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառումն իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Միջոցառման ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նրանք շրջել են տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ:
Հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարքն այս տարի ներգրավել է Երևանի և ՀՀ բոլոր մարզերի շուրջ 300 դպրոցի և մանկապարտեզի՝ նպատակ ունենալով համախմբել ավելի քան 50,000 այցելուի: Գիտության շաբաթը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը:
Վեց օր շարունակ Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար մասնագետները կներկայացնեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի ոլորտները: Գիտության շաբաթին միացած մանկապարտեզներում և դպրոցներում կկազմակերպվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ:
Միջոցառումների ծրագիրը ներառում է երեք հիմնական թեմատիկ ուղղություն․
- Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1). գիտության և նորարարությունների գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների ներգրավմամբ։
- Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3). մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
- Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5). գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականության, կինոյի, կոմիքսների, խաղերի ու ֆուտուրիստական նախագծերի տեսքով։
Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







