ԳլխավորԼուր

Հայկական համալսարանը հայտարարում է 2022թ. գարնանային հոսքի ընդունելություն

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Հայկական համալսարան» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2022թ. գարնանային հոսքի ընդունելություն։

ՆՊԱՏԱԿ
«Հայկական համալսարանի» երեկոյան դասընթացների նպատակն է ժամանակակից հասարակագիտական գիտակարգերի մեթոդաբանության և մոտեցումների միջոցով երիտասարդներին ներկայացնել Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում (աշխարհա)քաղաքական և սոցիալ-մշակութային առանցքային գործընթանցերը և դրանց ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև սովորեցնել անհրաժեշտ հմտությունները վերոնշյալ միտումներն ու զարգացումները ինքնուրույն վերհանելու և վերլուծելու համար։ «Հայկական համալսարան» ծրագիրը մեկնարկել է 2021թ. աշնանը, որի շրջանակներում առաջին հոսքը շարունակում է դասընթացը մինչ օրս։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Դասընթացը նպատակ ունի ոչ միայն տալ գիտելիքներ ժամանակակից քաղաքական գործընթացների առկա վիճակի վերաբերյալ, այլև ունկնդիրներին սովորեցնել ինքնուրույն հետևել և վերլուծել նշված գործընթացները։ Ուստի դասընթացի բովանդակությունը բաժանվում է երկու հիմնական բաժինների.

տեսական դասախոսություններ հասարակագիտական և հումանիտար գիտություններից (քաղաքագիտություն, սոցիոլոգիա, մարդաբանություն, տնտեսագիտություն, պատմություն),

գիտակիրառական դասախոսություններ Մերձավոր Արևելքի (Հվ. Կովկաս, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան, Հս. Կովկաս) քաղաքական և սոցիալ-մշակութային ներկայիս կարևորագույն գործընթացների վերաբերյալ։

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐ
Դասընթացի շրջանակներում դասախոսություններով հանդես կգան Հայաստանի առաջատար մասնագետները, որոնք ներկայացնում են հայկական և արտասահմանյան տարբեր գիտակրթական կառույցներ, ինչպես նաև հրավիրյալ դասախոսներ արտասահմանից։

ԺԱՄԿԵՏՆԵՐ
Դասընթացները տևելու են չորս ամիս, երեկոյան ժամերին (18:00-ից հետո), շաբաթական երեք անգամ, առկա ձևաչափով։ Դասընթացի նոր՝ գարնանային հոսքը մեկնարկելու է 2022թ. փետրվարի երկրորդ կեսին, Երևանում։

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Դասընթացին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի բակալավրիատի 3-4 կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները (որոշ դեպքերում կարվեն բացառություններ այլ տարիքային խմբի ներկայացուցիչների համար)։ Նախապատվությունը տրվելու է հետևյալ մասնագիտությունների ուսանողներին (արևելագիտություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, պատմություն, ազգագրություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն)։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 7-ը, ժամը 00:01-ը լրացնել ստորև բերված հայտաձևը (առաջին փուլ)՝ վերջում ներառելով ձեր էսսեն (500-700 բառ)։ Էսսեն պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ «Ինչո՞ւ պարտվեցինք Արցախյան երրորդ պատերազմում»։ Հայտերի հիման վրա ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի (երկրորդ փուլ)։ Դասընթացներին մասնակցությունն անվճար է։ Տեղերը խիստ սահմանափակ են։ Հարցերի դեպքում գրե՛ք armnationalproject@gmail.com էլեկտրոնային հասցեին  կամ ֆեյսբուքյան էջին։