ԳլխավորԼուր

«Մոտ 10 հոգով հարձակվել են պահնորդական ծառայության աշխատակիցների վրա». «Լիդիան»

«Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով եւ քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա»,- տեղեկացնում են «Լիդիան» ընկերությունից:

«Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։

Կից տեսանյութը հաղորդում է հանցագործության մասին։

Բոլոր նրանք, ովքեր այս հանցավոր խմբավորմանը ներկայացնում են որպես «խաղաղ ցուցարարներ», առիթ ունեն համոզվելու, որ քարերով սեփական համայնքի բնակիչների վրա հարձակվող փոքրաթիվ խմբավորումը չի ներկայացնում համայնքը, եւ ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում գտնվելով, իրականացնում է հանցավոր քայլեր` սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը։

«Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգությանը։

Նույն տեսանյութում կարող եք տեսնել` ինչպես են իրենց «բնապահպան» ներկայացնող անձինք տանջում տարածքում ապրող շներին։ Այս խմբավորմանը որպես «հերոսներ» ու «բնապահաններ» ներկայացնողների խղճին ենք թողնում իրենց ստեղծած կերպարների պահվածքը»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց։

 

Comment here