Ավելի լուրջԳլխավորԽոսք

Մեր երազների ու երազանքների ամրոցը

Ամեն մարդ ունի իր երազների ու երազանքների ամրոցը։ Ամրոց, որտեղ դժվար պահերին թաքնվում է բոլորի աչքից ու բոլոր վտանգներից, ուժ հավաքում՝ կրկին կյանքի չափ երկար մրցավազքի մեջ մտնելու համար։

Դա նաեւ նպատակների ու ցանկությունների խորհրդանիշն է, որը կառուցում ենք էլի ողջ կյանքում՝ հերթական «փուլային» նպատակին հասնելով ու այն շինանյութ դարձնելով ողջ կառույցի համար։

Մեկի համար ամրոցն այդ երգի տեսք ունի, մեկի համար՝ ընտանիքի, մեկի համար՝ սիրելի աշխատանքի կամ զբաղմունքի… Անթիվ են տարբերակները կամ ավելի ճիշտ՝ 7 միլիարդ կամ մի քիչ ավելին։

Անառիկ է ամրոցն այդ արտաքին թշնամիների համար, քանի որ ո՞վ կարող է գրավել մի բան, որի գոյության մասին ենթադրում է կամ գիտի, բայց որը երբեք չի տեսել ու չի կարող տեսնել։ Անառիկ է այնքան ժամանակ, քանի դեռ չենք սիրահարվում, սիրում մեկին այնպես ու այնչափ, որ ինքներս ենք խնդրում նրան գալ ու բնակվել մեր պատսպարանում։ Ու կան մարդիկ, որ չեն սխալվում՝ ինչ խոսք, երկուսով շատ ավելի ուրախ ու հետաքրքիր է, հատկապես որ ամրոցում այնքան բան կա ցույց տալու ու պատմելու՝ մինչեւ Նրան հանդիպած ողջ ժամանակահատվածի չափ։

Ու կան մարդիկ, ովքեր շտապում են ներս առնել սիրո կամ անչափ մտերմության տեսքով այդ մեկին, ով որոշ ժամանակ անց ձանձրանալով՝ ուղղակի հեռանում է։ Ու էլի լավ է, եթե չի սկսում բոլորին պատմել ամրոցիդ գաղտնիքների մասին։

Ու այդ ժամանակ սկսում է ճռճռալ մեր երազանքների եւ երազների շենքը ու ճաքեր տալ։ Պետք է կարողանալ լքել հարազատ դարձած տեղն ու ուժ գտնել՝ նոր տեղում նոր ամրոց կառուցելու համար։ Ու այն շատ ավելի խորը թաքցնել բոլորի աչքից։

Մինչեւ հերթական Հանդիպումը։

Usanogh.am

Comment here