ԳլխավորԼուր

3 միլիոն դրամ՝ աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ պահանջած 22-ամյա երիտասարդին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզեցին անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։

Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերեցին, բերման ենթարկեցին բաժանմունք, ապա ներկայացրին նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Comment here