ԳլխավորԼուր

ԿԳՄՍ փոխնախարարը Գեղարքունիքի մարզում մասնակցել է «Վերջին դասի» միջոցառումներին

Հունիսի 4-ին Հայաստանի ուսումնական հաստատությունների ավարտական դասարանները նշել են  «Վերջին դասը»: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ:

Այցը մեկնարկել է Մեծ Մասրիկ համայնքի միջնակարգ դպրոցից, որտեղ նա համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի, ուսումնական հաստատության տնօրեն Ատոմ Հակոբյանի, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի հետ հետևել է ավարտական միջոցառմանը: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը. նրանց թվում է նաև դպրոցի շրջանավարտ Զարզանդ Ներսիսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին և ուսուցիչներին, ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է «Վերջին դասի» միջոցառմանը հետևել սահմանամերձ այս համայնքում:

Ժաննա Անդրեասյանը պատմել է՝ դեռևս պատերազմի ժամանակ տեղեկանալով, որ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում ուսուցիչները ձեռնամուխ են եղել զինվորների համար հաց թխելու գործին, համայնք այցելելու և ուսուցիչների հետ անձամբ շփվելու ցանկություն է ունեցել.

«Սիրելի՛ ուսուցիչներ և աշխատակազմ, ես ձեր դպրոցի ջանքերը, ինքնակազմակերպվածությունն ու նվիրվածությունը տեսել եմ նաև պատերազմի ընթացքում: Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար և վստահեցնում եմ՝ ԿԳՄՍ նախարարությունը շատ բարձր է գնահատում ձեր ջանքերը և անում է հնարավորը՝ ուսուցչի աշխատանքային պայմանները, ուսումնական ենթակառուցվածքները, նյութերը, ռեսուրսները բարելավելու համար: Համոզված եմ՝ միասին կարող ենք որակական փոփոխություններ կատարել և ունենալ մեր երազանքի դպրոցը, քանի որ երազանքի երեխաներն ու ուսուցիչներն արդեն իսկ ունենք»:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ, որտեղ ևս հետևել է ավարտական միջոցառմանը:

Comment here