Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ:
Հուշագրով ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու գործընթացի կազմակերպմանը, մշակել և կատարելագործել մշակույթի ու արվեստի ոլորտում միջին մասնագիտական կրթության առկա պետական կրթական չափորոշիչները, համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերը: Համաձայն փաստաթղթի՝ նախարարությունը կաջակցի մշակույթի և արվեստի բնագավառի մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով համատեղ սեմինարների, հանդիպումների և խորհրդատվությունների կազմակերպմանը:
«Ազնավուր» հիմնադրամը պարտավորվում է աջակցել քոլեջի դասախոսների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քոլեջի ուսանողների կրթական ու մասնագիտական առաջընթացին՝ աջակցելով վարպետության դասերի, սեմինարների և այլ ձևաչափի դասընթացների կազմակերպմանը: Հիմնադրամը նաև հանձնառություն է ստանձնում աջակցել քոլեջի առարկայացանկում ներդրվելիք՝ Շառլ Ազնավուրի արվեստին վերաբերող միջառարկայական ծրագրի մշակմանը:
Կողմերը պարտավորվում են աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրմանը և շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպմանը:
Հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով: