Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել էր, որ Շիրակի պետական համալսարանի նոր «բարեփոխումների» արդյունքում բուհի ավագ դպրոցը և քոլեջը չունեն տնօրեններ, և այդպիսով խախտվել են մի շարք օրենքներ։
«Հատկապես ուշադրության են արժանի ՇՊՀ ավագ դպրոցի և ՇՊՀ քոլեջի տնօրենների հաստիքների վերացումը և բուհի երկու առանձին ստորաբաժանումների ղեկավարումը մեկ այլ ստորաբաժանման վերապահելը։ Փաստացի ստացվել է այնպես,որ դպրոցը և քոլեջը չունեն տնօրեններ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը:
Նրա խոսքով` փոփոխությունն ի սկզբանե ապօրինի է քանի որ նախ` խախտվել է ՇՊՀ կանոնադրության 90-րդ կետը,որը սահմանում է, որ ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, Ռազմական ամբիոնը, կենտրոնները, բաժինները, քոլեջը, ավագ դպրոցը.
«Այսինքն` ավագ դպրոցը և քոլեջը առանձին ստորաբաժանումներ են և չեն կարող ունենալ մեկ ղեկավար։ Նույն տրամաբանությամբ կարելի կլիներ, օրինակ, բուհի բոլոր ֆակուլտետներն ունենային մեկ դեկան կամ բոլոր բաժինները՝ մեկ վարիչ»,- գրել է նա։
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, անդրադառնալով այն պնդմանը, թե բուհի ավագ դպրոցը և քոլեջը չունեն տնօրեններ, և այդպիսով խախտվել են մի շարք օրենքներ, հավաստիացնում է` իրենց մոտ որևէ օրենք չի խախտվել: Usanogh.am-ի հետ զրույցում նա նշում է, որ այո, ՇՊՀ ավագ դպրոցի և ՇՊՀ քոլեջի տնօրենների հաստիքները վերացվել են, սակայն դրա համար ռեկտորն իր բացատրությունն ունի. «Մենք հիմնադրամ ենք, ունենք մեր կառուցվածքը, որը հոգաբարձուների խորհրդով հաստատվել է, այն քննարկվել է գիտխորհրդում, առաջարկվել է հոգաբարձուների խոհրդին և հաստատվել է»:
Նրա խոսքով` այն, որ դպրոցը և քոլեջը չունեն տնօրեններ, դրանով որևէ խախտում տեղի չի ունեցել. «Այսօրվա դպրոցների կառավարման համակարգը նայեք`դեպի ուր է գնում. ուսումնական մասը ղեկավարում է մի մարդ, վարչակառավարչականը` այլ մարդ: Մենք այդտեղ որևէ խախտում թույլ չենք տալիս, հատկապես, որ դպրոցը, քոլեջը ֆինանսական գործառույթներ, հաշվապահություն չեն անում, չունեն զինանշանով կնիքներ. բոլոր այդ գործառույթները կատարում է հիմնադրամը»:
Նարեկ Միրզոյանը, որն, ի դեպ, նախկինում Շիրակի պետական համալսարանում աշխատել է որպես Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետ, նշել է նաև, որ ՇՊՀ-ում խախտվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները. «Վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է` պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ՀՀ Կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությամբ դպրոցը չի կարող չունենալ տնօրեն»։
Մինչդեռ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի խոսքով` «Հանրակրթության մասին» օրենքը վերաբերում է ՊՈԱԿ-ներին.
«Մենք հիմնադրամ ենք, հիմնադրամի կանոնադրությունը նման գործընթացներ թույլ է տալիս»,-եզրափակեց նա: