ԳլխավորԼուր

Անտառամուտում  նախադպրոցական կենտրոն է բացվել

Մանկապարտեզ

2022 թվականի հուլիսի 8-ին ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Անտառամուտ բնակավայրում տեղի ունեցած նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոնի բացման միջոցառմանը:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ յուրաքանչյուր երեխա, մասնավորապես՝ գյուղական փոքր համայնքներում, կրթության հնարավորություն պետք է ունենա:

«Այլընտրանքային ծառայությունների մոդելը, որն ամենահարմար տարբերակն է դարձել փոքր բնակչություն ունեցող համայնքների համար, ներդրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Այսօր արդեն պետության միջոցներով ու աջակցությամբ հենց այս մոդելով իրականացվում են նմանօրինակ կենտրոնների ստեղծման ծրագիր: Անցյալ տարի պետության ծրագրով 10 բնակավայրում այսպիսի կենտրոններ են բացվել:

Հարկ է նշել, որ ավելի քան 200 բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթությունը դեռևս հասանելի չէ, մինչև 2026 թ. կհիմնվեն նմանօրինակ կենտրոններ: 3-5 տարեկան երեխաների առնվազն 85 տոկոսը պետք է ընդգրկված լինի նախադպրոցական կրթության գործընթացում: Սա հրաշալի համագործակցություն է և կայուն ու շարունակական փոխգործակցության վառ օրինակ: Շնորհակալ ենք մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնության համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«Ապագան այսօր» ծրագրի շրջանակում նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոն է բացվել նաև Գեղասար բնակավայրում:

Եվրոպական միության, ՀՀ ԿԳՄՍ ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում բացված նախադպրոցական կրթական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանը, ինչպես նաև համայնքի հոգևոր առաջնորդ Հայր Գրիգորիսը: