Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 28-ին տեղի է ունեցել «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգով՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության բանակի օրվա։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը և մաեստրո Մանսուրյանի 87-ամյակը՝ շեշտելով, որ նա մեր ամենասիրված արվեստի գործիչներից է։
«Մեզնից յուրաքանչյուրը մաեստրոյի երաժշտության հետ ունի հոգևոր և հուզական կապ, նրա ստեղծագործությունները հարազատ են բոլորիս, քանի որ դրանց երևէջները մեզ ուղեկցել են կյանքի տարբեր իրավիճակներում, և սա Մանսուրյանի արվեստի հզոր և միավորող ուժն է։ Հազվադեպ երևույթ է, երբ հանճարեղ արվեստն ու մարդկային պարզությունը մեկտեղվում են»,- Մանսուրյանին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է նախարարը։
Նա նաև տեղեկացրել է՝ պետության աջակցությամբ վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը, որը հնարավորություն կտա ձևավորել տաղանդավոր երեխաների բացահայտման և դրսևորման նոր հարթակ։
«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում հնչել են Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան, համերգի դիրիժոր՝ Տիրան Նիկողոսյան)։
Համերգն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. ծրագրի գործընկեր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews













