ԳլխավորԼուր

Գիրք նվիրելու օրը պարգևատրվել են Մայրենիի (ընթերցանության) օլիմպիադայի հաղթող աշակերտները

Պարգևատրվել են Մայրենիի (ընթերցանության) օլիմպիադայի հաղթող աշակերտները

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում պարգևատրել է արդեն 2-րդ տարին անցկացվող Մայրենիի (ընթերցանության) օլիմպիադայի հաղթող շուրջ 25 աշակերտներին, հայտնում են նախարարությունից։

Օլիմպիադան նախատեսված է 5-րդ և 6-րդ դասարանի սովորողների համար: Նպատակն է խթանել ընթերցանության մշակույթը, զարգացնել լեզվամտածողությունն ու կարդալու տեխնիկան:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ընթերցանության օլիմպիադային մասնակցելու համար՝ ընդգծելով՝ դա նշանակում է, որ նրանք կարևորում են գիրքն ու ընթերցանությունը.

«Երկրորդ տարին է, որ կազմակերպվում է ընթերցանության օլիմպիադան, ու ես շատ ուրախ եմ, որ մասնակցության էական աճ ունենք: Այդ մասին են վկայում թվերը. առաջին տարում դպրոցական փուլի օլիմպիադային գրանցվել էին 9934 երեխաներ, այս տարի գրանցվել ՝ 17 889 երեխա, այսինքն՝ մասնակցությունը կրկնապատկվել է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի ուսուցիչներին, ընտանիքներին, քանի որ գրքի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նախ ընտանիքում, ապա դպրոցում: Երեխան սովորում է նաև, որ գիրքը կյանքի բոլոր փուլերի կարևոր ուղեկիցն է, անկախ մասնագիտությունից և ոլորտային հետաքրքրություններից»:

Նախարարն ընդգծել է, որ օլիմպիադայի պահանջները պատահական չեն. դրանք նպատակ ունեն զարգացնելու տեքստը կարդալու, ընկալելու, հասկանալու հմտությունները։ Ըստ նախարարի՝ երբ կարդալը դառնում է ապրելակերպի մաս, հաջողությունները դառնում են շարունակական: Նախարարը աշակերտներին մաղթել է ավելի մեծ հաղթանակներ՝ հույս հայտնելով, որ նրանք ակտիվորեն կմասնակցեն նաև մյուս օլիմպիադաներին:

2025–2026 ուսումնական տարում ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվել է 17 889 աշակերտ, որոնցից 15 158-ը մասնակցել են, իսկ մարզային փուլ անցել են 597 սովորողներ։

Միջոցառմանը մասնակցել է նաև գրականագետ Արտավազդ Եղիազարյանը, որը երեխաների հետ անցկացրել է քննարկում իրենց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews