ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում տեղի է ունեցել պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը

ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը, տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայութունից։

Օլիմպիադայի այս փուլին մասնակցում է հանրապետության տարբեր դպրոցների 104 աշակերտ:

Աշակերտներին ողջունեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Վերջինիս հավաստմամբ, առարկայական օլիմպիադաները կարող են նպաստել մասնագիտական կողմնորոշմանը և ընտրությանը. «Օլիմպիադան լավագույն ստուգատեսն է, ընդունելության նախաշեմին սեփական գիտելիքներն ու ուժերը փորձելու հնարավորություն»:

Է. Մինասյանը ամփոփ ներկայացրեց նաև ֆակուլտետի ստեղծման պատմությունը, գործառույթները և հույս հայտնեց, որ ներկաներից շատերը կդառնան համալսարանի դիմորդներ և ուսանողներ:

Պատմության օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցներից Աննա Շմոյանը Շիրակի մարզի Արևշատի Մետաքսեի անվան  միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է:

Աննան պատմություն առարկայի լավ իմացությունը պարտադիր է համարում:

«Այն ազգապահպանման գործում կարևոր և մնայուն դեր ունի: Ամեն հայ պետք է  լավ իմանա իր ստեղծման, գոյության և պայքարի պատմությունը»:

Աննայի խոսքով, իր՝ օլիմպիադայի այսօրվա մասնակցությունը դպրոցի, պատմության ուսուցչուհու և քրտնաջան աշխատանքի արդյունքն են:

Աննան  ԵՊՀ-ի ապագա դիմորդ է, և ինչպիսի արդյունքներ էլ որ գրանցի, պատրաստվում է դառնալ օրինակելի ուսանող:

Comment here