Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի Լյուդվիգ Հարությունյանի արվեստանոցի ուսանողները մասնակցել են Կասաբլանկայում (Մարոկկո) անցկացված Համալսարանական թատրոնների 38-րդ միջազգային փառատոնին (FITUC 2026)։
Փառատոնի շրջանակում ուսանողների «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը» ներկայացումն արժանացել է հանդիսատեսի և մասնագիտական ժյուրիի բարձր գնահատականին՝ հաղթող ճանաչվելով «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։ Ներկայացման բեմադրիչներն են Արտուշ Միքայելյանն ու Լյուդվիգ Հարությունյանը, իսկ բեմական խոսքի դասախոսը՝ Արսեն Միքայելյանը։
«Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը» բեմադրվել է ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի
Մեկ ժամ տևողությամբ ներկայացումն անդրադառնում է անհատի և հասարակության բախմանը, ներքին մեկուսացմանը, կախվածություններին, մարդկային թուլություններին և ինքնության ճգնաժամին։ Հերոսները հայտնվում են հոգեբանական փակուղիներում, պայքարում անտարբերության դեմ և փորձում պահպանել հավատը սեփական երազանքների, ընտրության հնարավորության ու ներքին ազատության նկատմամբ։
Ներկայացման մասին FITUC փառատոնի կազմակերպիչները նշել են. «Բարձր կարգապահությամբ, տպավորիչ բեմական ներկայությամբ և բացառիկ դերասանական վարպետությամբ հայկական թատերախումբը ներկայացրեց մի բեմադրություն, որն արտացոլում էր թե՛ հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, թե՛ թատրոնի համամարդկային լեզուն։ Նրանց անկեղծությունը, նվիրվածությունն ու ստեղծագործական կիրքը բեմը վերածեցին երկխոսության, ստեղծարարության և մշակութային փոխանակման յուրահատուկ հարթակի։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հայկական պատվիրակությանը՝ իրենց արվեստն ու ավանդույթները FITUC համայնքի հետ կիսելու համար։ Նրանց ներկայացումը դարձավ գեղեցիկ հիշեցում այն մասին, որ թատրոնը սահմաններ չի ճանաչում՝ մարդկանց միավորելով հույզերի, պատմությունների և փոխըմբռնման միջոցով»։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




