ԳլխավորԼուր

ԱԱԾ-ն անդրադարձել է 2 քրդերի արտահանձնման լուրերին

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։

Այս մասին նշված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։

«Տեղեկացվում է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»,-հայտնում են ԱԱԾ-ից։

Ավելի ուշ ՀՀ Արդարադատության նախարարությունն անդրադարձավ խնդրին՝ նշելով.

«Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային

Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։

Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»։