Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Բժիշկը զոհվեց պատերազմի 40-րդ օրը. Զովունիում խաչքար է բացվել

Կոտայքի մարզի Զովունի գյուղի հուշահամալիրում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն՝ նվիրված  կյանքը հանուն հայրենիքի զոհած հերացիականներից՝ բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արամայիս Հայրապետյանին։

Արարողությանը ներկա էր ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարությունը` գնդապետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ, կուրսանտներ, դասախոսներ։

Զովունին 28 տարեկան ռազմական բժշկի ծննդավայրն է։ Երեք տարի Արամայիս Հայրապետյանը մասնագիտական պարտքը կատարել է Մարտունիում։ Նախորդ տարի էր տեղափոխվել Երևան՝ ընդունվելով ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա. ապագա քիթ-կոկորդ-ականջաբան էր: Մայիսը, ինչպես նրան դիմում էին ընտանիքում, նշանադրվել էր իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։

Հաջորդ օրը սկսվեց պատերազմը՝ փոխելով շատերի` այդ թվում նրա կյանքի ընթացքը: Արցախում հոկտեմբերի 1-ից սկսած Արամայիս Հայրապետյանը թեժ մարտերի ժամանակ կրակահերթի տակ տեղափոխել է շատ վիրավորների, օգնել է կռվի դաշտից դուրս բերել բազմաթիվ հերոսների մարմինները։

Զոհվել է պատերազմի 40-րդ օրը՝ ականի պայթյունից։

Արամայիս Հայրապետյանին ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Comment here