Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Աշխարհագրություն» առարկաների, «Արվեստ» ինտեգրված դասընթացի և «Հայագիտություն» («Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկաներ) բնագավառի չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։
Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկումը փուլային տարբերակով կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից՝ ընտրված դասարաններում: 1-ին տարվա ընթացքում դրանք կփորձարկվեն 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ, երկրորդ տարում՝ 1-ին, 2-րդ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ, իսկ երրորդ տարում՝ բոլոր դասարաններում: Նախատեսվում է իրականացնել հանրակրթական և նախնական ուսումնական հաստատությունների ուսուցչական և դասախոսական անձնակազմերի ու տնօրենների լայնածավալ վերապատրաստումներ, ինչպես նաև ուսումնական նյութերի մշակումներ: Բացի դրանից՝ բոլոր դպրոցներում կստեղծվեն նոր չափորոշիչներով դասավանդման համար անհրաժեշտ լաբորատոր և այլ ենթակառուցվածքներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչները կլրամշակվեն և 2023 թվականից կրկին փուլային տարբերակով կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում՝ մինչև 2026 թվականը:
Նշենք, որ մինչ հաստատվելը չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ. դրանք քննարկվել են ուսուցչական, դասախոսական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: Աշխատանքային խմբերում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետներ, որոնք մշակել են չափորոշիչները, ապա դրանք հավելյալ քննարկվել են մասնագիտական առանձին խմբերի հետ՝ ի դեմս ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ԳԱԱ-ի և այլն: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են:
Հավելենք, որ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում էլ մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) չափորոշիչները:
Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։