ԳլխավորԼուր

Արցախից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 74 400 մարդ

Արցախցիները Ստեփանակերտի օդանավակայանի մոտ. 2023 թ., սեպտեմբեր

Սեպտեմբերի 28-ի ժամը 20:00-ի  դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 76 հազար 407 մարդ:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ժամը 18–ի դրությամբ Հակարիի կամուրջ հատել է 15535 տրանսպորտային միջոց։ Հաշվառում անցել է 55 248 անձ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ  քաղաքներից ու գյուղերից սկսվեց բնակիչների տարհանումը։

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր (Հումանիտար կայան)։

Սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզում՝ Վայքում, բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։