ԳլխավորԽճանկար

Գրպանահատություն. կանխարգելիչ խորհուրդներ՝ ոստիկանությունից. տեսանյութ

Գրպանահատությունները կատարվում են հիմնականում կանգառներում, երթուղայիններում, մետրոյում, տոնավաճառներում և, առհասարակ, այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումը մեծ է, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն մայրաքաղաքում գործում են 20-ից ավելի գրպանահատներ, որոնք, այսպես ասած, ակտիվորեն զբաղվում են գրպանահատությամբ։ Նրանք մշտապես գրպանահատության դեմ պայքարող ոստիկանների ուշադրության կենտրոնում են և մշտապես պահվում են նրանց տեսադաշտում։

Քաղաքացիներին հուզող հարցերից է գրպանահատների քրեական պատասխանատվությունը։ Նախկինում գրպանահատությունը դասվում էր մասնավոր հետապնդման հանցատեսակների շարքին։ Այլ խոսքով, եթե տուժողը չէր բողոքում, քրեական գործ չէր հարուցվում։ Այժմ գրպանահատությունը դասվում է հանրային հետապնդման հանցագործությունների թվին։ Այսինքն, քրեական գործ հարուցվում է՝ անկախ տուժողի բողոքից։

Գրպանահատության դեպքերն էականորեն կնվազեն, եթե ուշադիր լինենք մեր իրերի նկատմամբ. սա կանխարգելման լավագույն տարբերակն է։Պետք է պայուսակը պահել փակ ու պահել տեսադաշտում՝ երթուղայինում այն չվստահելով անծանոթի։ Խոշոր գումար ունենալու դեպքում պետք չէ ամբողջը տեղավորել դրամապանակում, բանկային քարտերի հետ էլ պետք չէ պահել դրանց ծածկագրերը։ Իսկ եթե գրպանահատին, այսպես ասած, բռնել եք գործի վրա, ապա պետք չէ նրա հետ երթուղայինում կամ փողոցում հարցեր պարզել. միանգամից ահազանգեք 1-02։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։