ԳլխավորԼուր

Վանաձորի պետական համալսարանը (ՎՊՀ) նոր ռեկտոր ունի

ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, տեղեկացրել է՝ ռեկտորի ընտրությունը կատարվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նախորդ օրենքի շրջանակում:

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին. հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ծատուրյանն ընտրվել է ռեկտոր՝ 5 տարի ժամկետով: Նա երկար տարիներ եղել է Վանաձորի բնագիտամաթեմատիկական դպրոցի տնօրենը։

Արմեն Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ ներդնելու է բոլոր ջանքերը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատանքները լավարկելու համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթության որակին և վերջնարդյունքին՝ բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews