ԱրցախԳլխավորԼուր

Արցախի «Տատիկ-պապիկ»-ը (Դեդո-բաբո) վանդալիզմի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախի «Տատիկ-պապիկ»-ը (Դեդո-բաբո) վանդալիզմի է ենթարկվել

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր, հայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։

Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։

Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։

Հատկանշական է, որ Ադրբեջանին նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հետ չի պահում Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացման քայլերից։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման այն գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա․․․»։

Չնայած Արցախում իր վարած մշակութայի վանդալիզմի քաղաքականությանը՝ երեկ Ադրբեջանը նորից ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։