ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ առաջին աշակերտական համաժողովն է անցկացվել «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով։
Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրանկ Հեսսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կրթության մրցունակությանն ուղղված Եվրոպական միության կողմից տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովի անցկացումը վաղուց հասունացած անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ձևավորվել է ուսուցչական համաժողովների ավանդույթը, որը դարձել է փորձի փոխանակման և նորարարության խթանման լավագույն հարթակ։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ուսուցիչների մասնակցությամբ քննարկումների ընթացքում էլ բարձրացվել է կրթության գլխավոր շահառուների՝ աշակերտների մասնակցությամբ հարթակի ձևավորման խնդիրը։
«Երեխաներին գործընթացների ուղղակի մասնակից դարձնելն առանցքային նշանակություն ունի ոչ միայն աշակերտների, այլև նախարարության համար: Եթե ուզում ենք, որ կրթական բարեփոխումները լինեն նպատակային և իրականում օգտակար, նշանակում է՝ դրանք առանց աշակերտների մասնակցության չեն կարող իրականացվել»,– նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սովորողները հաճախ բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք որևէ այլ միջավայրում չեն հնչում։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ համաժողովն անցկացվում է այն ժամանակահատվածում, երբ աշխարհում նշվում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման օրը։
Նախարարի խոսքով՝ անվտանգ միջավայրը միայն ֆիզիկական տարածքը չէ. անհրաժեշտ է հոգեբանական և սոցիալական այնպիսի միջավայր, որտեղ ոչինչ չի խանգարի աշակերտին սովորել, զարգանալ և ինքնադրսևորվել. «Բուլինգի և դրա տարբեր դրսևորումների մասին, ցավոք, ավելի քիչ ենք խոսում, քան անհրաժեշտ է, և դեպքերի միայն փոքր մասն է տեսանելի։ Դպրոցում վստահության մթնոլորտ ստեղծելը չափազանց կարևոր է, և հենց այս նպատակով բոլոր դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիք։ Հաստիք ներդնելը, սակայն, դեռ բավարար չէ․ ժամանակ է պետք՝ արդյունավետ աշխատանք ապահովելու համար»։ Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է ներառական կրթության կարևորությունը։
Աշակերտական համաժողովին շուրջ 180 սովորող է մասնակցել։
Համաժողովի ընթացքում անցկացվել են պանելային քննարկումներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների մասնակցությամբ, ինչպես նաև պլենար նիստ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա ներկայացրել է կրթական բարեփոխումների երեք հիմնական ուղղությունները՝ ենթակառուցվածքների բարելավում, կրթության բովանդակության որակի բարձրացում և ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնում։
Համաժողովի ընթացքում անցկացվել է նաև «Անվտանգ և ապահով դպրոց» խորագրով նախագծային աշխատանքների էքսպո-ցուցահանդես, որը ներկայացրել են մայրաքաղաքի և մարզերի 4–8-րդ դասարանների սովորողները։








