ԳլխավորԼուր

Հայկական ատոմակայանն անջատվեց ՀՀ էներգահամակարգից. վերանորոգման աշխատանքներ են

Մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից․ ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:

Տեղեկությունը հայտնում են Հայկական ԱԷԿ-ից։

ՊՆՎ-2021-ի ընթացքում նախատեսվող հիմնական աշխատանքներն են ռեակտորի հիմնանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ,  ռեակտորային կայանքի վերին բլոկի խցարար մակերևույթների արդիականացման աշխատանքներ, ռեակտորի իրանի թրծաթողում, միջուկային վառելիքի պահման ավազանի և ճնշման փոխհատուցչի նորոգում, №3 և №4 տուրբինների ընթացիկ նորոգում, — №3 գեներատորի միջին նորոգում, №4 գեներատորի հիմնանորոգում, ստուգիչ-չափիչ սարքերի լրակազմերի փոխարինում, ստուգիչ մալուխների փոխարինում շոգեգեներատորների բոքսի սահմաններում եւ այլն։

ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի (120), Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:

Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները:

Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հոկտեմբերի 2-ին:

Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։

Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը։ Արդիականացումից հետո կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և այն հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։

Comment here