ԳլխավորԼուր

Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին

Հայկական ատոմակայան

Հայկական ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 17-ին միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։ Տեղեկությունը հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։

ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումն (ՊՆՎՎ 2021) ավարտվել է: Սա ամենաերկար և ամենակարևոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչև 2026 թվականը շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը:

Աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ:

Արդիականացման աշխատանքների իրականացման համար կայան է հասցվել շուրջ 150 երկաթուղային վագոն Մոսկվայից, Կրասնոյարսկից, Խարկովից, Զապորոժիեից, Սանկտ Պետերբուրգից և այլ քաղաքներից․ ԱԷԿ-ի տուրբոգեներատորի համար 180 տոննա կշռող ստատոր և ռոտոր, մոտ 25 մետր երկարությամբ գոլորշու տուրբիններ, տրանսֆորմատորներ և այլ խոշոր ու ծանր սարքավորումներ: Առաքումը ՀԱԷԿ իրականացվել է ցամաքային տրանսպորտով, ծովով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար վերանորոգվել է Արմավիր-Արշալույս երկաթգիծը, որը տանում է դեպի ատոմակայան։

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկն անջատվել էր ՀՀ էներգահամակարգից մայիսի 15-ին։

Հայկական ԱԷԿ-ը միակն է Հարավային Կովկասի տարածքում և արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը (36 %):

Comment here