ԳլխավորԼուր

Շրջակա միջավայրի նախարարն ու փոխնախարարն այցելել են «Այբ» դպրոց

Շրջակա միջավայրի նախարարն այցելել է «Այբ» դպրոց

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հյուրընկալվել էին «Այբ» դպրոցում, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարն այցելել էր դպրոց՝ ծանոթանալու բնագիտական ուղղվածությամբ իրականացվող ծրագրերին և հանդիպելու RenéMask նախագծի հեղինակներին, ովքեր հեղինակավոր The Earth Prize 2022-ին աշխարհի 114 երկրից 516 դպրոցների շարքում դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում են հայտնվել։

Դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի հնարավորություններին, կրթական միջավայրին, աշակերտների կողմից իրականացված նախագծերին։

«Այբ» դպրոցում բնապահպանական վարքագիծը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը մշտապես ուշադրության կենտրոնում են։ Դպրոցում գործում է հասարակական գործունեության «Էկո» թիմը։ Աշակերտները կամավորական սկզբունքով նախաձեռնում և իրականացնում են շաբաթօրյակներ, ազդապաստառային արշավներ, ստեղծում ահազանգող հոլովակներ ու կազմակերպում տեղեկատվական միջոցառումներ ինչպես «Այբ»-ում, այնպես էլ դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր վայրերում։

Շրջակա միջավայրի նախարարն այցելել է «Այբ» դպրոց

Դպրոցի լաբորատորիայում RenéMask նախագծի հեղինակ աշակերտները նախարարին են պատմել բժշկական դիմակների վերամշակման իրենց նախագծի մասին և գործնականում ցուցադրել փորձակումներից մի հատված։

Նախարարն իր հիացմունքն է արտահայտել առ այն, որ տարբերվող մոտեցումը դասավանդման գործընթացին,աշակերտների մոտ կարող է խթանել նախաձեռնողականությունը՝ զարգացնելով նրանց նորարարական մտածողությունն ու ստեղծարարությունը։

«Աշակերտները կարող են և պետք է ներգրավված լինեն իրենց համայնքում, շրջակա միջավայրում կյանքի որակի և մտածելակերպի փոփոխության և բարելավման գործընթացում»,-աշակերտների և ուսուցիչների հետ անմիջական զրույցի ընթացքում նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը և հույս հայտնել, որ դպրոցի աշակերտներն ու շրջնավարտներն իրենց գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեն ավելի կանաչ ու զարգացող շրջակա միջավայր ունենալու մեր միասնական տեսլականին։

Միևնույն ժամանակ նախարարը խոստացել է ապահովել հարթակ, որտեղ դպրոցի աշակերտները կգործակցեն Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ՝ ավելի պրակտիկ դաշտում իրենց գիտելիքները կիրառելու և, ինչու ոչ, ոլորտը թարմ գաղափարներով հարստացնելու նպատակով։