ԳլխավորԼուր

Ճամբարակում անցկացվեց «Պլեներ–2020» երիտասարդական գեղանկարչական փառատոն

Նկարչական փառատոն՝ Ճամբարակում

Գեղաքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում համայնքապետարանի եւ Եվրոպական Միության միջոցներով «Քաղաքացու բյուջե» ծրագրի շրջանակում անցկացվեց «Պլեներ–2020» երիտասարդական փառատոնը, որին մասնակցում էին 18–30 տարեկան ավելի քան հիսուն նկարիչներ Հայաստանի Հանրապետության ութ մարզից, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից եւ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջից:

Յուրաքանչյուր մարզի նկարիչների խմբի անդամները տեղաբաշխվել են նախօրոք պատվիրված հարմարավետ  հյուրատներում եւ, հանգստանալուց հետո, մասնակցել քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած գեղանկարչական փառատոնի բացման արարողությանը:

Նկարիչները մասնակցել են նաեւ «Ճամբարակն իմ աչքերով» խորագիրը կրող պլեներին:

Հաջորդ օրը նկարիչները Դպրաբակ համայնքում նկարիչ Լեւոն Խաչատրյանի կողմից վարպետաց դասեր եւ համապատասխան թեմաներ ստանալուց հետո՝ շարունակել են աշխատել իրենց նկարների վրա։

«Պլեներ-2020» երիտասարդական փառատոնի  փակման արարողության ժամանակ  կազմակերպվեց «Ճամբարակն իմ աչքերով» գեղանկարչության բացօթյա ցուցահանդես:

Փառատոնի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին  Ճամբարակի համայնքապետի  ու «Գետիկի հովտի զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրենի պատվոգրեր ու հավաստագրեր:

Չորս  գեղանկարներ ճանաչվեցին որպես լավագույն աշխատանքներ, եւ հեղինակներին հանձնվեցին պատվոգրեր ու նվերներ. Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի կողմից՝ Վահե Բաղումյանին, Ճամբարակի համայնքապետարանի կողմից՝ Աննա Մալխասյանին, Ճամբարակի Էդ. Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոցից կողմից՝ Մարիամ Միրզոյանին եւ «Գետիկի հովտի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Միքայել Ղազարյանին:

Ճամբարակի համայնքապետարանի  ներկայացացուցիչը շնորհակալություն  հայտնեց գեղանկարչության բնագավառի յոթ ճամբարակցի ուսանողների, որոնք, որպես կամավոր, իրենց օգնությունն ու աջակցությունն են ցուցաբերել փառատոնի կազմակերպչական աշխատանքներին:

Comment here