ԳլխավորԼուր

Եկեղեցիների զանգերը կղողանջեն, մարզկենտրոնների փողոցների լույսերը կանջատվեն ապրիլի 23-ին, ժամը 21-ին

Սուրբ Աննա եկեղեցին Երեւանում

Ապրիլի 23-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին, կսկսվեն Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները, այսօր ասուլիսում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Այդ ժամին կղողանջեն  եկեղեցիների զանգերը, կանջատվեն Երեւանի եւ մարզկենտրոնների փողոցների լույսերը: «Մենք կոչ ենք անելու մեր քաղաքացիներին մարել իրենց բնակարանների լույսերը եւ սեւեռել հայացքները դեպի համալիր կամ դիտել Հանրային հեռուստաընկերության եթերը»,- ասաց նա:

Բնակարանների լույսերը մարելով, բջջային հեռախոսների լուսավորված էկրաններով, բջջային հաղորդագրությամբ՝ կարելի է մասնակից դառնալ Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին:

Բջջային հեռախոսների լույսերով պատուհաններից անմար կրակի շուրջ միասնական ներկայության խորհրդանշական րոպե է նախատեսվում ստեղծել: Ծիծեռնակաբերդում կհնչի «Արի իմ սոխակ» երգը Լիանա Ալեքսանյանի եւ Կամո Սեյրանյանի կատարմամբ:

Ապրիլի 24-ին՝ ժամն առավոտյան 08:00-ից, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարել 1915 կարճ համարին Հայաստանից եւ 0037433191500 հեռախոսահամարին՝ արտերկրից իրենց անվամբ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալրի սյուներին։

Ժամը 10:00-ից կմեկնարկեն վարչապետի, նախագահի եւ կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:

Գեղարվեստական ծրագիրը կմեկնարկի 22:00-ին: Ծրագիրն ընդգրկելու է տարբեր ժանրերի դասական եւ ժողովրդական ստեղծագործություններ եւ տեւելու է մինչեւ լուսաբաց:

Հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված անվտանգային հարցերը, ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու։

 

Comment here