ԳլխավորԼուր

«Բերդավանցի Նելլի Ազատյանն ուզում է դառնալ իրավաբան». Աննա Կոստանյան

Բերդավանցի Նելլի Ազատյանն ուզում է դառնալ իրավաբան, և բոլոր նախադրյալներն ունի դառնալու շատ լավ իրավաբան` գիտելիք, դպրոցի 12-ամյա բարձր առաջադիմություն, մեծ ցանկություն, նպատակ և ընդունելության քննությունների բարձր միավորներ։ Կարիք չկա նրան համոզելու սովորել այլ բաժիններում, քանի որ նա շատ հստակ արդեն իսկ ընտրել է իր երազանքի մասնագիտությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«2 օր առաջ ԳԹԿ֊ի տնօրենը հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց, որ «Բերդավանցի աղջիկը սխալ է, դպրոցներում շրջանառվում են 2014 թվականի հրատարակության գրքեր, իսկ ինքը պարապել է շրջանառությունից դուրս համարվող 2010 թվականի հրատարակության գրքով»:

Ուրեմն ասեմ. Նելլին չի պարապել 2010-ի գրքով և չի էլ տվել 2010 թվականի գրքի անուն։ 2018 թվականին նա եղել է 10-րդ դասարան և սովորել է 2014 թվականի հրատարակության գրքով։ Այս տարի կրկնել է նյութը հենց նույն՝ 2014 թվականի գրքով։ Ե՛վ ուղեցույցով հանձնարարված գիրքը, և՛ դպրոցական դասագիրքը 2014 թվականի հրատարակության են, սակայն բովանդակությունները տարբեր են։ Ստացել է 18.75 միավոր։

Բողոքարկման օրը նկարել է գիրքը, գրքի խնդրահարույց հատվածը ու այն հարցը (տես նկարում), որի հետ կապված խնդիր էր առաջացել, և բողոքարկումն ուղարկել է ԳԹԿ համապատասխան հասցեին։ Եթե բողոքարկումն ընդունեին (անտրամաբանական է, թե ինչու չեն ընդունել, քանի որ երեխան փաստացի ապացուցել է, որ ինքը ճիշտ է), ապա նա հիմա կունենար 19.25 միավոր, այս քաշքշուկի մեջ ընկած չէր լինի, հետևաբար կհամարվեր «Իրավագիտություն» ֆակուլտետի լիարժեք ուսանող։

Հարց` ո՞վ է մեղավոր, որ երեխան պետք է զրկվի իր երազած մասնագիտությամբ սովորելու հնարավորությունից»,-նշված է Ա. Կոստանյանի գրառման մեջ։

Comment here